Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ ՆԳՆ ոստիկանություն

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար։ 

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում գործած անձինք եղել են դիմակավորված ու հափշտակել են շուրջ 9200000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով ավազակության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ։ 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանները, համագործակցելով Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ,   պարզեցին, որ կատարվածը, այսպես ասած՝ առանձնապես ծանր հանցագործության բեմականացում է, մասնավորապես՝ ոստիկանություն ահազանգած անձի և նրա մտերիմ Մասիսի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի պայմանավորվածության արդյունք։ Վերջինս ապրիլի 10-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մասիսից մայրաքաղաքի Չարբախ թաղամաս տանող ճանապարհին, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել է ոստիկանություն ահազանգած անձի դեմքին ու վերցրել նրա մոտ եղած, նախնական տվյալներով՝ 9000000 ՀՀ դրամը։ 

Մասիսի բնակիչ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաև ոստիկանություն ահազանգած և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած անձը։ Երկուսն էլ ձերբակալվել են։

Հետագա քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գումարի մեծ մասը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել