Տեխասում ամուսինները մանկական մի հիմնադրամից 300.000 ԱՄՆ դոլլար էին գողացել: Դատարանը մեկ տարի ազատազրկման հետ մեկտեղ նշանակել էր նաև մի հետաքրքիր պատժատեսակ: Ըստ որի` 7 տարվա ընթացքում ամուսինները պարտավոր էին ամեն շաբաթ-կիրակի իրենց վրա կրել պաստառ, որի վրա գրված կլիներ` «ես հանցագործ եմ, ես գող եմ, ես մանկական հիմնադրամից գումար եմ գողացել» և դրանցով շրջել քաղաքի բանուկ մասերում: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով` մեր օրենսդրությունը դժվար թե երբևէ այսպիսի պատիժ սահմանի, չնայած վստահ է, որ պատիժ նշանակող այդ դատավորը հստակ գիտակցել ու մտածել է` այս ձևով պատիժը շատ ավելի կանխարգելիչ ազդեցություն է ունենալու, քան թե մարդուն մի քանի տարի ազատազրկման վայրում պահելը:
«Ազատազրկումը չպետք է դառնա ինքնանպատակ, և եթե հնարավոր է մարդուն նորից վերաընտեգրել հասարակություն, կանխել նրա հետագա հանցագործությունների կատարումն առանց նրան ազատազրկելու, ապա նախապատվությունը տրվելու է հենց դրան»,- ասում է նախարարը:
Որպեսզի «նստած- ելած» լինելու կնիքը չխոչընդոտի մարդու մասնագիտություն ստանալուն, աշխատանք գտնելու հնարավորությանը և չնպաստի նորից ու նորից ազատազրկման վայրում հայտնվելու, ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է ստեղծել պրոբացիոն ծառայություն: Ծառայության ներդրման միջոցառումները ներառված են Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրում:
Այսօր ԵՄ խորհրդատվական խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել էին սեմինար Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ: Վերջինսի ստեղծումը հնարավորություն է տալու ազատել դատապարտյալին քրեակատարողական հիմնարկներից` պահելով նրան դատարանի վերահսկողության տակ:
«Մեր քրեական օրենսգիրքը, անդրադառնալով այլընտրանքային պատիժներին, ունի որոշակի համակարգային թերություններ: Թերևս դրանով է պայմանավորված, որ հաճախ դատավորները ձեռնպահ են մնում այլընտրանքային ազատազրկման հետ չկապված պատիժների նշանակումից»,- ասում է Հրայր Թովմասյանը:
Պրոբացիայի եվրոպական կազմակերպության նախագահ Մարկ Սերոն իր խոսքում նշեց, որ նախկինում այլընտրանքայի պատժամիջոցը կիրառվում էր միայն փոքր ռիսկ պարունակող հանցանքների դեպքում, սակայն ներկայումս շատ երկրներում կիրառում են նաև մեծ ռիսկ պարունակող հանցագործների դեպքում: Քանի որ մեկուսացումը հիմնական խթան կարող է հանդիսանալ անձի կողմից նոր հանցանք գործելուն: Մարկ Սերոն անդրադարձավ նաև «էլեկտրոնային մոնիթորինգ» կոչվող գործիքին, որը թույլ է տալիս վերահսկել անձի քայլերը` անկախ ժամանակից ու վայրից:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեմինարի ժամանակ ընդգծեց, որ Հայաստանում այլընտրանքային պատիժների մշակման ռազմավարությունը, որի համատեքստում է նաև մեր երկրում պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է Հայաստան Եվրոպական միություն քաղաքական համագործակցության 2012-2013 թվականների ծրագրում:
«Մենք Անվտանգության խորհրդում ձևավորելու ենք միջգերատեսչական հանձնախումբ, որը կգլխավորի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը` պրոբացիոն ծառայության փաստաթուղթը մշակելու, Անվտանգության խորհրդին ներկայացնելու նպատակով»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Եվրոպական երկրները պրոբացիոն ծառայության տարբեր մոդելներ ունեն: Հրայր Թովմասյանը հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ մեր երկրում պրոբացիոն ծառայության ճիշտ մոդելը ընտրելու համար:
Նունե Հովսեփյան