Ի՞նչ դեպքերում աշխատողը կարող է ազատվել աշխատանքային պարտականությունների կատարումից

Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից:

Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)`
1) ընտրական իրավունքն իրականացնելիս.
2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս.
3) որպես աշխատողների ներկայացուցիչ` դատական նիստերին մասնակցելիս.
4) դոնորի պարտականություններ կատարելիս.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Վերը նշված` պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Վճարվող միջին աշխատավարձը հաշվարկվում է` հիմք ընդունելով`
1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը.
2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը:

Կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչև վեց աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման և այդ օրերի համար վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել