Դեսպան Քվինը վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանությանն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփեց իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծեց ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։

Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկեց տնտեսական և մարզային նշանակության հարցեր։

Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։ Սյունիքի մարզում նա այցելեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։ Կոնտուր Գլոբալ ընկերությունը վերազինել է 55 տարվա պատմություն ունեցող համալիրն ամերիկյան տեխնոլոգիաներով՝ ապահովելու հուսալի էներգամատակարարում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր ամերիկացիների և տեղացիների համար։

Դեսպան Քվինը նաև այցելեց Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծեց ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։

Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

«Խոսելով սյունեցիների հետ՝ ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ նրանց տածած հույսը։ Ես ամեն ինչ կանեմ մեր երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու համար», – ասաց դեսպան Քվինը։ Նա ողջունեց խաղաղության համաձայնագրի ուղղությամբ վերջին շրջանի առաջընթացը՝ ընդգծելով, որ շրջադարձային պահ է եկել՝ մի կողմ թողնելու տասնամյակներ տևած հակամարտությունը և աշխատելու Հարավային Կովկասում տևական անվտանգություն ու տնտեսական բարգավաճում ապահովելու շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել