ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար 25.02.2025 թվականի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ստացվել է 2012 դիմում։
Այս մասին նախարարությունից հայտնել են ի պատասխան Iravaban.net-ի հարցմանը։
Հաստատվել է 680-ը, այսինքն շահառուները ստացել են հավաստագիր, մերժվել է 1332-ը, քանի որ ընտանիքի առնվազն մեկ անդամը չի բավարարել ծրագրով սահմանված հիմնական պայմաններից որևէ մեկին, այն է՝ չի ունեցել ՀՀ քաղաքացիություն կամ տեղահանվածի կարգավիճակ։
Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավաբան Մարիաննա Ավագյանը նշում է, որ մերժման հիմնական պատճառներն են այն, որ որոշ ընտանիքների անդամներ չեն ցանկանում կամ հնարավորություն չունեն ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն: Միաժամանակ, առկա է մեկ այլ էական խնդիր՝ որոշ անձինք չունեն իրավական հնարավորություն ապացուցելու իրենց տեղահանված լինելու փաստը, քանի որ հստակ մեխանիզմներ չեն մշակվել այս գործընթացի համար:
«Հարկ է նշել նաև, որ ծրագրի նախնական փուլում նախատեսվում էր մշակել և ներդնել մեխանիզմ, որը հնարավորություն կտար տեղահանված անձանց ապացուցելու իրենց տեղահանված լինելու փաստը: Սակայն այս մեխանիզմը մինչ օրս չի գործարկվել, ինչի արդյունքում բազմաթիվ դիմումներ մերժվում են այն հիմնավորմամբ, որ դիմորդների տվյալները բացակայում են բռնի տեղահանված անձանց պաշտոնական ցուցակներում կամ օպերատիվ շտաբի տրամադրած տեղեկատվության մեջ: Սա լուրջ խնդիր է ստեղծում այն անձանց համար, ովքեր իրականում տեղահանվել են, սակայն տարբեր հանգամանքների բերումով չեն արձանագրվել պաշտոնական ցուցակներում»,-ասում է նա:
Նախարարությունից հայտնում են, որ տրամադրված հավաստագրերով 5 ընտանիք գույքը ձեռք է բերել Երևան քաղաքում, 2-ը Կոտայքի մարզում (ք. Աբովյան), 2-ը Սյունիքի մարզում (ք. Սիսիան), 1-ը Արարատի մարզում (Նոր Խարբերդ), 1-ը Գեղարքունիքի մարզում (ք. Գավառ) և 1-ը Վայոց Ձորի մարզում (Ազատեկ)։ Եվս 15 շահառու հավաստագիրն իրացրել է ծրագրի 3-րդ բաղադրիչով՝ աջակցությունն ուղղելով գործող հիփոթեքային վարկի մարմանը։
«Բնակարանային ապահովման ծրագրի նկատմամբ ցածր հետաքրքրվածությունը (ընդամենը 2012 դիմում) պայմանավորված է մի շարք գործոններով: Առաջին հերթին, ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարտադիր պահանջը զգալիորեն սահմանափակում է հնարավոր շահառուների շրջանակը: Բազմաթիվ Արցախից տեղահանված անձինք, տարբեր պատճառներով, չեն ցանկանում կամ հնարավորություն չունեն ստանալու ՀՀ քաղաքացիություն, ինչը նրանց ավտոմատ կերպով զրկում է ծրագրին մասնակցելու իրավունքից:
Իրացված հավաստագրերի աննախադեպ ցածր քանակը (4%) պայմանավորված է տրամադրվող ֆինանսական աջակցության չափի և բնակտարածքների շուկայական միջին գների միջև առկա զգալի անհամապատասխանությամբ: Ներկայիս շուկայական պայմաններում տրամադրվող աջակցության չափը բավարար չէ պատշաճ կենսապայմաններով բնակտարածք ձեռք բերելու համար, հատկապես այն համայնքներում, որտեղ առկա են զարգացման հեռանկարներ և աշխատաշուկայի հնարավորություններ»,-ասում է իրավաբանը:
Իրավաբանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը վկայում է, որ Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը կարիք ունի էական վերանայման և բարեփոխման՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները, շուկայական պայմանները և տեղահանված անձանց իրական կարիքները: Առանց նման փոփոխությունների ծրագրի արդյունավետությունը կշարունակի մնալ ցածր մակարդակի վրա, և բազմաթիվ տեղահանված ընտանիքներ կշարունակեն մնալ առանց պատշաճ բնակարանային պայմանների:
Նշենք, որ 2025 թվականի ապրիլից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին, որի շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝
1) 2025 թվականի ապրիլից մինչև հունիս ներառյալ՝ 40000 դրամ.
2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուների թիվը սկսած 2025 թ․ապրիլի 1-ից կլինի շուրջ 53 հազար անձ։
Թեմայի վերաբերյալ կարող եք կարդալ՝ «Ցածր ցուցանիշը վկայում է այն մասին, որ արցախահայերի մեծամասնությունը չի ցանկանում կամ չի շտապում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել․ իրավաբան»։
Հասմիկ Սարգսյան