ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության` Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ Ա. Կյուրեղյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կյուրեղյանը Երեւան քաղաքի բնակիչ Ք. Աբրահամյանին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, տեսական եւ գործնական քննություններն անցնելուն օժանդակելու համար վերջինիս եղբորից` Կ. Աբրահամյանից 2012թ. մայիսի 31-ին պահանջել եւ հունիսի 1-ին իր աշխատասենյակում կաշառք է ստացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: