Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 45 000 դրամ: Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է՝
1. աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
2. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
3. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:
Սակայն, գործատուն ազատվում է աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը: