ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին: Այն միասնականացնում է «Հողահարկի մասին» և «Գույքահարկի մասին» օրենքները, քանի որ դրանք երկուսն էլ համարվում են անշարժ գույք:
Վշակված նախագծով սահմանվում են հետևյալ հիմնական դրույթները.
Հողամասերի և դրանց վրա կառուցվող շինություններն ընդունվում են որպես միասնական հարկման օբյեկտ, և դրանց համար սահմանվում է միասնական հարկ:
Որպես անշարժ գույքի հարկով հարկման բազա ընդունվում են սահմանված կարգով գնահատված անշարժ գույքի համապատասխան կադաստրային արժեքները, իսկ որպես անշարժ գույքի հարկման դրույքաչափեր պահպանվում են ներկայումս գործող հողահարկի և գույքահարկի դրույքաչափերը :
Պահպանվում են նաև գործող արտոնությունների համակարգը և վճարումների կատարման պարբերականությունը: Այսինքն՝ կազմակեպությունները պետք է վճարեն կիսամյակային, իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան :
Օրենքով վերացվում է կազմակերպությունների կողմից գույքահարկի և հողահարկի հաշվարկների ներկայացման պահանջը և սահմանվում, որ կազմակերպությունների փոխարեն գույքային հարկերը հաշվառելու են համայնքները, այնուհետև ծանուցելու հարկ վճարողներին:
Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօր ևեթ:
«Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներինավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: