Երևանի ՇՊԱԿ-ի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանին այսօր` օրվա կեսի դրությամբ, դիմել են 4 շահառու, ստացել քաղաքացիական, քրեական ոլորտին վերաբերող հարցերի պատասխաններ:
Երևանի ՇՊԱԿ-ը գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից 2010 թվականից:
«Երեք ուղղություններով է աշխատում`քաղաքացիներին անվճար իրավաբանական աջակցության ցուցաբերում, հանրային իրազեկում, որի շրջանակներում մենք տարբեր ուսումնական հաստատություններում հակակոռուպցիոն դասընթացներ, ուսուցումներ ենք կազմակերպում, ինչպես նաև քաղաքի փողոցներում մարդկանց բաժանում ենք տեղեկատվական թերթիկներ իրենց իրավունքների մասին, և մյուս ուղղությունը` համակարգային և ընթացակարգային բարեփոխումներն են, որի շրջանակներում մենք վեր են հանում ինստիտուտցիոնալ և օրենսդրական բնույթի խնդիրներ, բացթողումներ և ներկայացնում ենք Ազգային ժողովին և Կառավարությանը այդ ոլորտում համապատասխան, շտկումներ բարեփոխումներ կատարելու նպատակով», -ասում է Երևանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանը:
Լաուրա Պողոսյանը ՇՊԱԿ-ի իրավաբանների խորհրդատվությունից օգտվում է արդեն 2 տարի: Վերջինիս կարծիքով` սոցիալապես անապահով մարդկանց համար անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալը մեծ օգուտ է: «Ես մի անգամ փորձ արեցի աղջիկների սուրճ ու քաղցրեղեն հյուրասիրել, ինձ այնպես պատասխանեցի, որ ես չիմացա, թե որտեղ տարա գցեցի սուրճն ու քաղցրեղենը», -ասում է Լաուրա Պողոսյանը:
Մարատ Ատովմյանի խոսքով` անվճար իրավաբանական խորհրդատվություն ապահովվում են ցանկացած ոլորտի վերաբերյալ, իսկ փաստաբան տրամադրում են միայն կոռուպցիոն դեպքերում: Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի ՇՊԱԿ-ն առաջարկել է համակարգային և ընթացակարգային 16 բարեփոխումներ, ունի 36 հաջողված դեպքեր:
«Կուզենայի հիշատակել մի դատական գործի մասին, որը կապված է բժշկասոցիալական, փորձաքննական հանձնաժողովի հետ: Մեզ դիմել էր մի հաշմանդամ կին, որը տարիներ ի վեր ունեցել է 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամի կարգավիճակ: Սակայն իր համար անսպասելի պատճառներով կանչում են բժշկասոցիալական, փորձաքննական հանձնաժողովից քննման: Իր համոզմամբ և իր ներկայացրածով այդ զննումը համարյա թե չի եղել և դրա արդյունքում առանց որևէ հիմնավորման փոխվել է նրա հաշմանդամության խումբը` դարձել է 3-րդ կարգի անժամկետ հաշմանդամ: Մեր ծրագրի փաստաբանը բողոքարկեց դատական կարգով և վարչական դատարանում մենք կարողացանք հասնել հաջողության: Վերջերս իմացանք, որ վճիռը բողոքարկվել է վերաքննիչ վարչական դատարան»,- պատմում է Մարատ Ատովմյանը:
Նունե Հովսեփյան