«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենը դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման

10 տարի ժամկետով ազատազրկում և շուրջ 326 միլիոն դրամի բռնագանձում. դատարանը բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման և գույքի բռնագանձման մասին միջնորդությունները 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի)
բռնագանձել 325 միլիոն 600 հազար դրամ։

Այս մասին հայտնում են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենն իր աշխատանքային գործունեության ընթացքում՝ 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, Հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հափշտակել է հիմնադրամին պատկանող՝ իրեն վստահված 325 միլիոն 600 հազար դրամը:

Հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված՝ հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ գումարից 226 միլիոն 464 հազար դրամը հաշվից հաշիվ փոխանցելու՝ քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է:

Դատախազը 2019 թվականի հունվարի 24-ին Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

2019 թվականի ապրիլի 30-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ ուղարկվել էր իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել