Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների եւ այլ կերպարների գործունեության հավաստագրում: Հերթագրման վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն էր։
Iravaban.net-ի հարցմանը, թե քանի Ձմեռ պապ և Ձյունանուշ է հավաստագրվել իր գործունեությունը տոնական օրերին իրականացնելու համար, ինչով է պայմանավորված նրանց հավաստագրման գործընթացը, քաղաքապետարանից պատասխանեցին, որ հավաստագրվել են 70-ից ավելի մասնակիցներ:
Դրա նպատակները մի քանիսն են.
- ներկայանալի արտաքին տեսք (համապատասխան կոկիկ հագուստ ու հարակից հանդերձանք)
- ստեղծագործական և կերպարին բնորոշ ունակություններ (բանաստեղծություններ, գրավիչ խոսք, առոգանություն և այլն)
- գործունեության իրականացում՝ կոնկրետ սահմանված վայրում՝ բացառելով այլ տարածքներ տեղափոխվելը:
Հայտնեցին նաև, որ տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները, ի թիվս այլ գործառույթների, վերահսկելու են նաև վերը նշված՝ հատկապես կոնկրետ սահմանված վայրերում գործառույթների իրականացումը և հետևելու են սահմանված պահանջների կատարմանը: