Որոշել էր հյուրասիրել հանգուցյալ ընկերոջ եղբորը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է 28-ամյա Մարգար Սարգսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս 2012թ. նոյեմբեր և 2013թ. մարտ ամիսներին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում` Կասկադի հարևանությամբ, 1-ական դեպքով, անհատույց` հյուրասիրելու եղանակով, իր հանգուցյալ ընկեր Լևոն Զաքարյանի եղբայր` Սուրեն Զաքարյանին տվել է ապօրինի և դեռևս չպարզված քանակությամբ «կոկաին» տեսակի թմրամիջոց:

Այնուհետև 2013թ. մայիսի վերջերին թվով 1 դեպքով կրկին նույն հանգամանքներով և եղանակով Սուրեն Զաքարյանին ապօրինի իրացրել է կրկին չպարզված քանակությամբ «կոկաին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցների խառնուրդ:
Նշված թմրամիջոցները վերջինս օգտագործել է քթանցքներով ներքաշելու եղանակով:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2,3 հոդվածների 2-րդ կետի հատկանիշներով:

Ըստ հիշյալ օրենսգրքի՝ 215-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Համաձայն 268-րդ հոդվածի 2,3 մասերի 2-րդ կետի համաձայն իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, որոնք կատարվել են խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, ինչպես նաև նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել