Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։
Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխաների շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները գնահատելու համար։ Ընտրվում են միջին բարդության տեքստեր։ Այս մասին գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«2022-ի և 2023-ի արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորը աճել է շուրջ 10 տոկոսով, եթե 2022-ին այն եղել է 53.5%, ապա 2023-ին՝ 63,8%, ինչը նշանակում է, որ երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են։ Ընդ որում, երեխաների կեսից ավելին գրանցել է 64.3%-ից բարձր արդյունք՝ այսինքն ճիշտ է պատասխանել իրենց կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։
Շատ կարևոր է, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022-ի 47 տոկոսի համեմատ 2023-ին իջել է շուրջ 20 տոկոսով՝ դառնալով 28 տոկոս։ Ընդ որում, ընտրանքում նաև Տավուշի դպրոցներն են, որտեղ 2023-ին չորրորդ դասարանցիներն արդեն իսկ անցնում էին նոր չափորոշիչներով և որտեղ ցուցանիշները մյուս դպրոցներից ավելի դրական են։
Շատ կարևոր եմ համարում, որ 4-րդ դասարանցիների համար գիտահանրամատչելի տեքստերը գեղարվեստական տեքստերի համեմատ դժվար հասանելի չեն: Կարևոր է նաև, որ երեխաները չեն դժվարանում սեփական միտքը ձևակերպել, որովհետև համադրելի արդյունքներ են գրանցել թե կարճ պատասխաններ ենթադրող հարցերի համար, թե ընտրովի պատասխաններով հարցերի դեպքում։
Հաշվետվությունը հասանելի է Կրթության տեսչական մարմնի կայքում՝ եռամսյակային հաշվետվության շրջանակներում, ամբողջությամբ կհրապարակվի 2024-ի տարեկան հաշվետվության հետ։
Ի դեպ նշեմ, որ վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը և նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարաններում»,-հավելել է նախարարը։