Դատարանները, ավտոմեքենաների օրինակով, դատաիրավական համակարգի շարժիչն են, սակայն եթե շարժիչից բացի մյուս դետալներն արդյունավետ չեն աշխատում, ապա դու չես կարող քո խնդիրները լուծել: Այս համոզմանն է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Այսօր Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում դատական բարեփոխումների ընդլայնման ուղղությամբ: Քննարկման ժամանակ հնչեցին դատական ինքնակառավարմանը, դատավորների կարիերային և ուսուցմանը վերաբերող զեկույցներ:
Հրայր Թովմասյանի խոսքով` չկա մի ոլորտ, որտեղ Եվրոպայի խորհրդի մասնակցությունն ու աջակցությունն ավելի մեծ լինի, քան դատաիրավական ոլորտում է: Հայաստանում դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ծրագիրը մշակելի ուսումնասիրվել է եվրոպական երկրների փորձը, և այդ չափանիշներն ինտեգրվել են մեր իրականություն ոչ թե մեխանիկորեն, այլ հաշվի են առնվել հայաստանյան դատաիրավական վիճակը:
2012-2016 թվականների համար ներկայացված դատաիրավական բարեփոխումների ծրագրում չի անտեսվել փաստաբանական, նոտարական, քրեակատարողական և մի շարք այլ ոլորտներում առկա խնդիրները:
«Սա այն դեպքն է, երբ առանձին գերատեսչության շահերը չեն կարող վեր դասվել այն գլխավոր խնդրից, որը դրված է մեր առջև. իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակաությունը նույն ուղղությամբ են գնալու, նույն մեխին են հարվածելու», – ասում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը 2012-2016 թվականների իրականացման համար ներկայացված դատաիրավական բարեփոխումների ծրագրի վերաբերյալ:
Վերջինիս համոզմամբ` պետք է հասնել նրան, որ նոտարական համակարգը կարողանա իր իրավասությունների շրջանակներում բեռնաթափել դատարաններին ներկայացվող գործերի քանակը` առաջացած խնդիրների մեծ մասը լուծելով նոտարիատում: Պետք է ստեղծել վեճերի լուծման կայացած, արդյունավետ այլընտրանքային մոդելներ, ինչպիսիք են` արբիտրաժը, հաշտարարը: «Եթե մի դատավորի վարույթում միաժամանակ գտնվում է 3-4 հարյուր գործ, ապա պետք է լինել գերմարդկային, որպեսզի կարողանաս բոլոր գործերին մանրամասն ծանոթանալ»,- նշում է նախարարը:
Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ` շատ երկրներում բժշկական և իրավաբանական կրթությանը ներկայացվող չափորոշիչները սահմանված են օրենքով, քանի որ երկու դեպքում էլ գործ ունեն մարդու կյանքի հետ: Այս մոտեցումից ելնելով` դատաիրավական բարեփոխումների ծրագրում առաջին անգամ տեղ է գտել իրավաբանական կրթության մակարդակի բարձրացման խնդիրը, քանի որ բուհում դասավանդելու ձևից է կախված մեր երկրի դատաիրավական համակարգի կայացվածությունը:
Իր խոսքի վերջում Արդարադատության նախարարը վստահեցրեց, որ չեն գնալու այն ճանապարհով, երբ գրում են մի բան, հասկանում` այլ, կատարում` ուրիշ:
Նունե Հովսեփյան