Պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք․ շատ հարցերում սա մեզ մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 21-ին, Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին, կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահե Ղազարյանին։

«Պարոն Ղազարյանը, լինելով ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել ոստիկանության բարեփոխումների, ՆԳՆ ձևավորման գործընթացում։

Պարոն Ղազարյանի պաշտոնավարումը, ըստ էության, համընկել է շատ բարդ ժամանակաշրջանի հետ՝ սկսած ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելը կովիդի համավարակի շրջանում, հետո՝ պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները։

Այս ընթացքում նրա կատարած աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի։ Պարոն Ղազարյանի հետ իրար ճանաչում ենք շատ վաղուց․ 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք։ Սա մի հանգամանք է, որը իհարկե շատ հարցերում մեզ շատ և մեծապես օգնել է, բայց, թերևս, հանգամանք է նաև, որ որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է: Բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ՆԳՆ-ն՝ պարոն Ղազարյանի առաջնորդությամբ, և՛ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը, և՛ միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել»,-իր ելույթում նշել է Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել