Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցել․ ոստիկանություն

Նոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառմանքննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում  նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական  արագ ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում են ոստիկանությունից։

Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած քաղաքացին նոյեմբերի 19-ին, ոմն ԱԹևոսյան կեղծանունով տելեգրամյան ալիքի օգտատիրոջ հորդորով, Երևանի Սարյան 9 հասցեում գտնվող տերմինալներից մեկով  նույն օգտատիրոջ տրամադրած կրիպտոարժույթի հաշվեհամարին, որպես կաշառք, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար փոխանցել է 285 հազար և 45 հազար դրամ։

«Նա ինձ զանգահարեց և ասաց, որ պետք է մոտենամ  Սարյան 9 հասցե, որտեղ տեղակայված է բիթքոյնի տերմինալ: Ուղարկեցի 285 հազար դրամ: Չեկը նկարեցի և ուղարկեցի իրեն: Մի քանի րոպե հետո զանգահարեց և ասաց, որ իմ անունով ակտ կա, և 2-րդ անգամ փոխանցեցի 45 հազար դրամ: Հետո նա ինձ զանգահարեց և ասաց, որ մոտենամ  Գաջի գործարան՝ ՄՌՈւ: Մտա վարորդական վկայական ստանալու սենյակ, և ինձ ասացին, որ իմ անունով վարորդական չկա»,-իր խոսքում նշել է 23-ամյա երիտասարդը: 

Մինչ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացվելը՝ 23-ամյա երիտասարդը տելեգրամյան օգտատիրոջից ստացել է վերջին հաղորդագրությունը․«Դուք կորցրեցիք ձեր գումարը: Ես անհայտ խարդախ եմ և գտնվում եմ Վրաստանում, եթե դիմեք ոստիկանություն, դուք կունենաք լուրջ խնդիրներ օրենքի հետ կապված և ինձ չեք կարող բացահայտել: Եթե փորձեք ինձ վիրավորական ինչ-որ բառ գրել, ես ունեմ ձեր տվյալները: Նաև տեղեկացնեմ, որ ձեր գումարը արդեն Վրաստանում է»:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում ձեռնարկվում են օպերատիվհետախուզական միջոցառումներ՝ տելեգրամյան օգտատիրոջ  տվյալները պարզելու, հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել