«Դու կարող ես կանխել կոռուպցիան․ Ազդարարի՛ր»․ փորձագետները 2 օր Գյումրիում էին

2024-ի հոկտեմբերն առանձնացել է ազդարարումների թվով։ Գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը, 40 ազդարարում՝ մեկ ամսում։ Ազդարարման համապետական արշավի շրջանակներում մեկնարկած վերապատրաստումների 2-րդ փուլով արդեն իրականացվել է 13 ուսուցում, վերապատրաստվել է ավելի քան 300 ուսանողներ, աշակերտ, ուսուցիչ, մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ: 

Վերապատրաստումներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Գյումրիում ազդարարման համակարգին ծանոթացան ՏԻՄ-երի և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկաներին ծանոթացրեց համակարգին, հանցագործությունների շրջանակին, որով քաղաքացիները հնարավորություն ունեն ազդարարել, ինչպես նաև պաշտպանության միջոցներին։

ՏԻՄ ներկայացուցիչներին ազդարարման տեսակներին ծանոթացնելիս փորձագետը կարևորեց հատկապես ներքին ազդարարման ինստիտուտի կայացումը։

ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստմանը զուգահեռ ընթանում էր նաև մասնավոր հատվածի վերապատրատումը։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Մարիամ Զադոյանը իրավիճակային մի քանի խնդիր էր ներկայացրել ունկնդիրներին, վերջիններս պետք է նշեին՝ յուրաքանչյուր իրավիճակի դեպքում ազդարարման որ տեսակն է կիրառելի․ ներքին, արտաքին, թե հանրությանը։

2 խմբերում էլ թվային իրավունքի ավագ փորձագետները ներկայացրին այն եղանակներով, որոնց միջոցով ազդարարողը կարող է իրեն անվտանգ և պաշտպանված զգալ։

2-րդ օրը Գյումրիում նույնպես հագեցած էր։ Այս անգամ զուգահեռ վերապատրատումներ էին ընթանում քաղաքի դպրոցներից մեկում և Շիրակի  պետական համալսարանում։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել 21 ուսուցում Երևանում և 4 մարզում՝ վերապատրաստելով 600 անձի: Ուսուցումներն անցնում են թիրախային խմբերի մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ՝ նպաստելով ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության ցուցանիշի և ազդարարման համակարգի՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքի՝ դերի բարձրացմանը:

Փորձագետների ուղերձը մեկն է․ «Դու կարող ես կանխել կոռուպցիան․ Ազդարարի՛ր»։

Մանրամասները՝ այստեղ։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել