«Քանի որ այսօր անկեղծության օր է, ուզում եմ մի բան էլ պատմել, որը կապված է Շիրակի մարզ կատարած իմ վերջին այցելության հետ։ Շիրակի՝ Բայանդուրից դեպի Գյումրի ճանապարհի մասին է խոսքը»,-Կառավարության նիստի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ծրագիրն այնպես էր, որ Արմավիրով գնացինք։ Այդ ճանապարհի տարբեր հատվածներ նորոգում ենք, հիմնանորոգում ենք, և մինչև մեր առաջին կետը անցնելը՝ ճանապարհը, ըստ էության, գրեթե իդեալական վիճակում էր՝ շատ լավն էր։
Երբ առաջին կետում կանգառ արեցինք, պիտի շարունակեինք ճանապարհը՝ Արմավիրից՝ Գյումրի, ես մեր գործընկերներին հարցրի՝ «Հիմա Արմավիրից մինչև Գյումրի էսպե՞ս ա ճանապարհը», ստացա շատ պինդ դրական պատասխան»,-պատմեց Փաշինյանը։
Վարչապետը դրանից հետո մեքենայի ներսից հեռախոսով տեսանկարահանել է ճանապարհահատվածը և տեղադրել սոցցանցում, որ Արմավիրից Գյումրի տանող ճանապարհը իդեալական վիճակում է․ «Ինչ որ ժամանակ հետո բացեցի մեկնաբանություններն ու տեսա՝ «Էլի հերթական «լկտի» սուտը», և այսպես շարունակ, «Դե արի մի հատ Բայանդուր»։
Փաշինյանը կրկին կապ է հաստատել ու հարց ուղղել գործընկերներին՝ ճանապարհի վերաբերյալ․ «Մի 40 րոպե պահանջվեց, որ պարզեմ՝ իրականում այս Բայանդուրի հատվածի աշխատանքը սկսվելու է 1 շաբաթից, բայց քանի որ մեր երթուղին այնպես է, որ մենք Բայանդուրով չենք անցնելու, մեր գործընկերները ասել են՝ մի քիչ «ավանսով անենք», չմտածելով, որ ես ինֆորմացիան տեղափոխում եմ սոցցանցեր»։
Վարչապետի դիտարկմամբ՝ պարզվել է, որ այդ հատվածը, իրոք, դեռ վերանորոգված չէր, և «լկտի» ստի համար նրան մեղադրողները «ճիշտ դուրս եկան»․ «Կարող էին ասել՝ չէ, այդ հատվածը արված չի, մի շաբաթից է արվելու, 10 օրից է արվելու, չի արվելու ընդհանրապես։ Սա էլի այդ զեկույցների մասին է։ Կարելի՞ է այդպես անել»։