Առաջարկվել է Տաթևիկ Գրիգորյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին է առաջարկվել Տաթևիկ Գրիգորյանի թեկնածությունը։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«2024 թվականի հոկտեմբերի 29-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

1. Հանրապետության նախագահին առաջարկել Տաթևիկ Հրաչի Գրիգորյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Տաթևիկ Հրաչի Գրիգորյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Տաթևիկ Հրաչի Գրիգորյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»:

Նշենք, որ Տաթևիկ Գրիգորյանը քննել է մի շարք հանրային հնչեղություն ստացած գործեր, որոնցից են Սեֆիլյանի և մյուսների գործը, խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի, HSBC բանկի վրա հարձակման գործերը: Վերջինը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործն էր։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել