«Եթե 4-րդ բժիշկն էլ մերժեր, ես ինքնասպանության մտքեր ունեի»․ ՄԻԱՎ-ով ապրողները՝ խտրականության զոհ

«Ստամոքսի հետ կապված լուրջ վիրահատության կարիք ունեի։ «Իրական Աշխարհ Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության սոցիալական աշխատողի հետ գնացինք հայտնի հիվանդանոցներից մեկի լավագույն բժշկի մոտ, ներկայացրինք իրավիճակը, համաձայնեց վիրահատել։ Այդ պահին հայտնեցինք ՄԻԱՎ կարգավիճակիս մասին։ Բժիշկը մի քանի վայրկյան լռեց, հետո ասաց՝ գնացեք, 14-օրյա բուժում անցեք, ապա վերադարձեք։ Հետազոտություններից հետո նորից գնացինք՝ վիրահատության օրը որոշելու։ Նա ասաց, որ վիրահատությունն անհրաժեշտ է, բայց ինքը չի կատարելու։ Իմ սոցաշխատողը հարցրեց՝ ինչո՞ւ, բժիշկը պատասխանեց, որ իրավունք ունի ընտրելու, թե ում բուժի, ու հրաժարվում է ինձ բուժել։

Սոցաշխատողը խնդրեց, որ բժիշկը գրավոր ներկայացնի պատճառը կամ ուղղորդի մեկ այլ բժշկի։ Նա պատասխանեց՝ «Ինչո՞ւ պետք է ձեզ թուղթ տամ: Համ էլ նա իմունոդիֆիցիտ ունի (նկատի ունենանալով ՄԻԱՎ-ը)»։ Սոցաշխատողը ուղիղ հարցրեց՝ արդյո՞ք ՄԻԱՎ-ն է պատճառը։ Բժիշկն ասաց՝ «Ոչ, ես նման բան չեմ ասել», և ավելացրեց՝ «Ես ձեր բժի՞շկն եմ՝ ոչ, վճարե՞լ եք՝ ոչ»։ Նա հերքեց, որ ինքն է մեզ հետազոտությունների ուղարկել, ասաց, որ ինքը մեր բժիշկը չէ։ Առաջարկեցինք վճարել հենց տեղում, եթե դա է խնդիրը՝ վրդովվեց, ասաց, որ մենք ստում ենք, և գոռալով հանեց մեզ սենյակից»,- պատմում է տիկին Լուիզան (անունը փոխված է)։

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ շարունակում են առերեսվել խտրականության՝ տարբեր ոլորտներում։ Չնայած ՄԻԱՎ-ը մարդկության հետ գոյություն ունի ավելի քան 40 տարի, հասարակության մեծ մասը դեռևս չունի լիարժեք պատկերացում ՄԻԱՎ-ի վերաբերյալ և խուսափողական, հաճախ խտրական վերաբերմունք է դրսևորում ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ։

Տիկին Լուիզան վիրահատվել է միայն 4-րդ բժշկի մոտ։ Նախորդները խուսափել են այն բանից հետո, երբ իմացել են նրա՝ ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունենալու մասին՝ ուղղորդելով դեղորաքային բուժման, որոնք, ինչպես հետո է պարզվել՝ եղել են անիմաստ։

«Եթե վիրահատությունը չլիներ ես գնում էի մահվան․ շատ էի հիասթափվել կյանքիցս։ Ես նոր եմ սկսում ժպտալ, ոչինչ չէր ուրախացնում՝ ո՛չ երեխաս, ո՛չ թոռնիկս, ոչ մի բան․ ուղղակի ֆիզիկապես չէի կարողանում ժպտալ․ ճնշված հոգեբանական վիճակում էի»,-ասում է տիկին Լուիզան, որ այսօր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունում աշխատելով՝ աջակցում է իր նման վիճակում հայտնված մարդկանց։

Կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը նշում է, որ առողջապահական համակարգում ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկատվության բացահայտումը հաճախ վերածվում է խտրականության։ Խնդիրը մեծ մասամբ կապված է նաև այն բանի հետ, որ Հայաստանում չկա խտրականության մասին հատուկ օրենք, որն իրավական պաշտպանություն կտրամադրի խտրականության ենթարկված անձանց։

«Չնայած Սահմանադրությունն ու օրենսդրական որոշ ակտեր որոշակիորեն անդրադառնում են խտրականությանը, սակայն դրանցում չկան հստակ պատժամիջոցներ խտրական վարք դրսևորողների նկատմամբ։ Արդյունքում, շատ դեպքերում խտրականության զոհ դարձած քաղաքացիների խնդիրը չի լուծվում իրավական դաշտում»,- ասում է Ժենյա Մայիլյանը։

Հայաստանում խտրականության զոհ դարձած անձանց հաշվառում չի իրականացվում։ Չնայած մասնագիտացված հասարակական կազմակերպություններ որոշակի տվյալներ ունեն, սակայն դրանք չեն արտացոլում ընդհանուր պատկերը։ Մենք փորձեցինք ՀՀ Առողջապահության նախարարությունից պարզել, թե ՄԻԱՎ-ով ապրող քանի անձ է ենթարկվել վիրահատության վերջին երեք տարվա ընթացքում, ինչ ընթացակարգով է իրականացվում նրանց բուժսպասարկումը և արձանագրվե՞լ են արդյոք բուժհաստատությունների կողմից նման կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումներ։

Նախարարությունից ստացված պատասխանում որևէ տվյալ մեզ չի փոխանցվել։ Հղումներ են կատարվել միայն ՄԻԱՎ կամ ԶԻԱՀ ունեցող պացիենտներին անվճար պայմաններով բուժօգնությունը և սպասարկումը կազմակերպելու հիմք հանդիսացող օրենքին և Առողջապահության նախարարի երկու տարբեր հրամաններին։ Իսկ խտրականության դրսևորումների մասին տեղեկատվություն ստանալու համար նախարարությունը մեզ հորդորել է դիմել բուժկենտրոններին․ այսինքն այն հաստաստություններին, որոնցից դժգոհում են խտրականության ենթարկված անձինք։

Եթե Առողջապահության նախարարությունը, չի տիրապետում նման տվյալների, կարելի՞ է եզրակացնել, որ համարվում են, թե նման խնդիր գոյություն չունի, կամ պարզապես այս խնդրի նկատմամբ պետության կողմից վերահսկողություն չի իրականացվում։

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը գտնում է, որ այս խմբի անձանց նկատմամբ խտրականության առկայությունը նաև հանրային ցածր իրազեկվածության պատճառով է․ մարդիկ լիովին չեն տիրապետում ՄԻԱՎ-ի մասին բավարար ինֆորմացիային և սխալ պատկերացումների հիման վրա ձևավորում են կարծրատիպեր։ Ըստ նրա՝ ՄԻԱՎ-ով ապրող անձինք խտրականության ենթարկվում են նաև աշխատանքային միջավայրում․ «Դպրոցական տարիքի երեխայի ծնողը պատմում է, որ դպրոցում կենսաբանության ուսուցիչը հայտարարել է, թե պետք է հեռու մնալ «ՍՊԻԴ»-ով հիվանդ մարդկանցից և ավելացրել, որ նրանց «վառում են։ Եղել է դեպք, երբ աշխատակցի ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանալուց հետո նրան ստիպել են իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։ Մինչև 2022 թվականը ՄԻԱՎ-ով ապրող անձինք նույնիսկ չեն կարողացել օգտվել սոցիալական աջակցության ծառայություններից: Այն ժամանակվա կանոնադրությունը հստակ նշում էր, որ այդ ծառայությունները հասանելի չեն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց՝ նրանց կարգավիճակի պատճառով: Այսօր իրավիճակը փոխվել է. ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են ստանալ աջակցություն այդ կենտրոններում»:

Խտրականության արմատները վերացնելու համար սոցիալական հասարակական կազմակերպությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ է աշխատում։ Շահառուի հետ այցելում են բուժհաստատություններ, փորձում համագործակցել բուժաշխատողների հետ։

Տիկին Լուիզան ևս ներգրավված է այդ աշխատանքներում։ Ասում է՝ իր աշխատավայրում կարիք չկա կարգավիճակը թաքցնելու․ միևնույնն է, լավ են վերաբերվում․ “Դե, բոլորը տիրապետում են թեմային, իրազեկված են»:

Նրա երազանքն է՝ որ գա ժամանակ, երբ հասարակությունը մարդու՝ ՄԻԱՎ ունենալու մասին իմանալուց հետո ոչ կզարմանա, ոչ էլ կվախենա։ Նրա խոսքով՝ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել ՄԻԱՎ-ով ապրող անձանց, որի պատճառով մարդիկ վախենում են բարձրաձայնել այդ մասին, հանդես գալ իրենց անուններով և բաց դեմքերով։ Խտրական վերաբերմունքի շատ է արժանացել․ դրա մասին կատակում է՝ «Ինձ էնքան են բուլինգել, ես արդեն չեմ վախենում։ Ոչինչ, թող մենակ ինձնով ավարտվի»։

Մարիամ Աբրահամյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել