Ստորագրահավաքն ավարտված է. եվրաքվեի շտաբը հայտարարություն է տարածել

Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարեւոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության, աջակցման եւ անմնացորդ նվիրվածության շնորհիվ մենք անհրաժեշտ 50 հազար ստորագրություններi փոխարեն հավաքագրեցինք 60 հազարը նախանշված ժամկետից գրեթե կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ Այս ստորագրահավաքը վկայում է ոչ միայն ազատության հանդեպ ՀՀ քաղաքացիների ձգտումն ու ազգային արժանապատվությունը, այլեւ մեր հասարակության քաղաքական հասունությունը եւ միասնությունը՝ հանուն համամարդկային արժեքների եւ եվրոպական ապագայի։

Սա կարեւոր ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արեւելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում եւ Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։ Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են հավաքված ստորագրությունները առաջիկայում ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։

Մենք հաստատակամորեն կպաշտպանենք Ձեր պատգամն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական Միությանը:

Կեցցե՛ ազատ, անկախ եւ եվրոպական Հայաստանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել