Առաջին անգամ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ու Ֆրանսիայի հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհրդի (Hcéres) կողմից իրականացվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ հավատարմագրման գործընթացը, հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից։
Ձևավորվել է հայ-ֆրանսիական փորձագիտական խումբ՝ գնահատելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) գործունեությունը՝ ըստ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափորոշիչների և ուղենիշների: Փորձագիտական խմբի համատեղ զեկույցը ներկայացնում է հաստատության ուժեղ կողմերը, ինչպես նաև բարելավման ենթակա ուղղությունները:
Արտաքին համատեղ գնահատման արդյունքում ՈԱԱԿ-ի և Hcéres-ի հանձնաժողովները կայացրել են ՀՖՀՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների հավատարմագրման մասին որոշումներ։ ՀՖՀՀ–ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ այդպիսով վկայելով հաստատության համապատասխանությունը որակի ապահովման սահմանված չափանիշներին:
Համատեղ այս հավատարմագրումը ՀՖՀՀ-ի համար նոր հեռանկարներ է ուրվագծում և ամրացնում է նրա դիրքը ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կրթական ասպարեզում։ Այն միաժամանակ ցույց է տալիս հայ-ֆրանսիական թիմի տարիների տքնաջան և նվիրյալ աշխատանքի արդյունքը։