Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն  և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները չպարզված երեք անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբ, որտեղ չնչին առիթով վիճաբանել է քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ։

Վիճաբանությունը շարունակվել է ակումբի դիմացի հատվածում,  որի ընթացքում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ սեփական անձի կարծեցյալ առավելությունը ներկաների մոտ ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ,  քրեական հեղինակություն հանդիսացող անձը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ակումբի դիմաց՝ բնակելի շենքերի տարածքում, տևական ժամանակ աղմկել, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել և վիճաբանել քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված հիշյալ անձանց հետ՝ չենթարկվելով նշված ակումբի անվտանգությունն ապահովող աշխատակիցների, ինչպես նաև այլ անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորներին: Նշված հանցավոր արարքի հետևանքով խաչընդոտվել է ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ է առաջացել: 

Նկարագրված խուլիգանական գործողությունների ընթացքում քրեական հեղինակություն հանդիսացող անձը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մեկ այլ անձի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական հեղինակություն հանդիսացող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել