«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտը ձևավորվելուց ի վեր չի տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, իրավական իմաստով»,-Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Ըստ Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի՝ անձը չի կարող լինել փախստական այն երկրում, որտեղ ինքը քաղաքացի է․ «Շատ հաճախ մենք ստանում ենք փաստարկում՝ մենք քաղաքացի՞ ենք, քաղաքացի՞ չենք, ասեք, որ մենք փախստական ենք։ Դա իրավական աբսուրդ է»։
Նրա խոսքով՝ հիմնական բառը, որը փախստականության էությունն է, չվերադարձելիությունն է։
«Անձը չպետք է որևէ պարագայում վերադարձվի այն տարածք, որտեղ ինքը հետապնդվել է կամ իր կյանքին և արժանապատվությանը ռեալ վտանգ է սպառնում»,-նշեց Արմեն Ղազարյանը։
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է՝
- Չվերադարձելիության սկզբունքը, սույն օրենքի և միջազգային իրավունքի համաձայն, փախստականին որևէ կերպ չվերադարձնելն է այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:
Չվերադարձելիության սկզբունքը չի կիրառվում այն փախստականի նկատմամբ, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, կամ որը, օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար, վտանգ է ներկայացնում հասարակության համար:
- Ապաստան հայցող անձը մինչև սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն իր ներկայացրած` ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից:
- Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի կարող արտաքսվել, վերադարձվել կամ հանձնվել այլ երկիր, որտեղ հիմնավոր պատճառներով վտանգ կա, որ նա կենթարկվի դաժան և անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ` խոշտանգումների:
Արմեն Ղազարյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչո՞ւ 2020 թվականին Շուշիից և Հադրութից բռնի տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետությունում չստացան փախստականի կարգավիճակ՝ նշելով, որ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը, ճանաչված, թե չճանաչված, որպես միավոր գոյություն ուներ և վերադարձի հնարավորություններ դեռևս առկա էին։
«Կա նաև քաղաքական երանգ․ այն ժամանակ մենք հաշվի ենք առել ԼՂ ղեկավարության դիրքորոշումները։ Նախկինում ԼՂ-ում հաշվառված անձանց ՀՀ-ում հաշվառելու համար հարցում է արվել ԼՂ, որպեսզի թույլատրեն անձին Հայաստանում հաշվառել։ Շատ դեպքերում պատասխան է ստացվել, որ չփոխենք և մենք դրա հետ հաշվի ենք նստել, մինչև այն պահը, երբ տեղի է ունեցել զանգվածային տեղահանում»,-նշեց նա։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ շուրջ 120 հազար արցախցու ժամանակավոր պաշտպանություն տրամադրելը պատմական որոշում է եղել, քանի որ դրա տրամադրմամբ լուծվել է առաջացած խառնաշփոթը և արցախահայերին վերջապես տրվել է իրավական կարգավիճակ։
Արցախահայությանը չէր տրվել մեկ շատ կարևոր պարտականություն և մեկ շատ կարևոր իրավունք, դրանք են՝ ընտրելու իրավունքը և Հայաստանում ծառայելու պարտականությունը։ Այսինքն, սրանցով արցախահայերը չէին կարող համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչն էլ թույլ է տվել ներկայումս նրանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ և տալ փախստականի կարգավիճակ։
«Հիմա մենք կարող ենք ասել, որ ըստ կոնվենցիայի՝ այս մարդիկ փախստական են, ինչը նշանակում է, որ ունեն Կոնվենցիայով երաշխավորված բոլոր իրավունքները, այդ թվում՝ հանգամանքների վերացման պարագայում՝ վերադառնալու իրավունք»,-նշեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։
Անդրադառնալով քաղաքացիություն ընդունելու հարցին՝ նա նշեց, որ դա հնարավոր չէ պարտադրել․ «Քաղաքացիություն ընդունելը կոպիտ ասած՝ քաղաքացի-պետություն ամուսնություն է, զոռով ամուսնացնել չի լինի։ Պետք է մարդը ցանկանա կապի մեջ մտնել պետության հետ»։
Հարկ է նշել, որ քաղաքացիություն ստանալով՝ Արցախից բռնի տեղահանված անձինք չեն զրկվում որևէ աջակցությունից։ Այն մտավախությունը, որն առկա է արցախցիների շրջանում, թե քաղաքացիություն ընդունելով՝ հրաժարվում են Արցախ հնարավոր վերադարձից, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ նրանց բռնի տեղահանումն արդեն արձանագրված փաստ է և քաղաքացիություն ընդունելով՝ իրավունքները և դրանց պաշտպանության հնարավորությունները չեն չեզոքանում։