Վահագն Վերմիշյանի գործով պաշտպանական կողմը վիճարկում է գաղտնի ապացույցների օրինականությունը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում միջնորդությամբ հանդես եկավ մեղադրյալ Գագիկ Գալստյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։ Նա նշեց, որ Առաջին ատյանի դատարանը ոչ բավարար իրավական հիմնավորվածությամբ մերժել էր պաշտպանության կողմից ներկայացված միջնորդություններից մեկը, որով դատարանին միջնորդել էին վարույթ իրականացնող մարմնից պահանջել այն փաթեթը, ինչի հիման վրա կայացվել է ՕՀՄ իրականացնելու թույլատրման վերաբերյալ որոշում։

Պաշտպանության կողմը նաև հարցմամբ դիմել է դատարանի նախագահին, խնդրել տրամադրել այդ փաթեթները, ինչին ի պատասխան վերջինս հայտնել է՝ նշված նյութերը վերադարձվել են միջնորդություն ներկայացնող կողմին։

«Բոլոր որոշումների վրա առկա էին համակարգչային թվագրմամբ ամիս, ամսաթվերի տեղադրում, միայն այդ որոշման վրա է, որ ամիս, ամսաթիվը գրիչով է տեղադրված, մենք ի սկզբանե մեր մտավախությունն ենք հայտնել դատարանին՝ ասելով, որ միգուցե գործ ունենք կեղծ, հետին ամսաթվով տրված որոշման հետ:

Գտնում եմ՝ հիշյալ ապացույցը պետք է անթույլատրելի ճանաչվի, և միջնորդում եմ քննարկել դեռևս պարոն Մարտիրոսյանի մոտ իմ ներկայացրած միջնորդությունը, և այդ ապացույցը ճանաչել անթույլատրելի՝ հիմքում դնելով այն, որ փաստաթղթերի փաթեթը, հիմքերը, որոնցով կայացվել է էդ որոշումը, մեզ չի տրամադրվել»,-ասաց պաշտպանը։

Հաջորդիվ միջնորդություն ներկայացրեց Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա նշեց, որ ՕՀՄ տվյալներն իրենց անմատչելի են եղել, քանի որ դիմել են ԱԱԾ-ին, որպեսզի ապացույցների փաթեթները տրամադրվեն, մերժման պատասխան են ստացել այն հիմքով, որ դրանք պարունակել են պետական և ծառայողական գաղտնիք։

Կոչուբաևի խոսքով՝ քրեական գործի երկրորդ հատորը դիտարելիս երևում է գաղտնազերծման որոշումը, այսինքն՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնք պետք է տրամադրվեին պաշտպանության կողմին, գաղնազերծված են եղել․ «Մենք առաջին ատյանում զրկված ենք եղել ունենալու այդ ապացույցները այն պատճառաբանությամբ, որ դրանք պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք, մինչդեռ դրանք գաղտնազերծված են եղել, այս պարագայում մենք ունենք անմատչելի ապացույցներ, քանի որ եթե այդ ապացույցները պարունակում էին պետական և ծառայողական գաղտնիք, կարող էինք ունենալ բացառապես դատարանի օժանդակությամբ, իսկ դատարանը այդ հարցում մեզ չի օժանդակել»։

«Վահագն Վերմիշյանի մասով մենք փաստաթղթեր չունենք, իսկ ապացույցի թույլատրելիությունն իր մեջ ներառում է 4 տարրերի ստուգում՝ ապացույցների ձեռքբերման պատշաճ սուբյեկտ, պատշաճ դատավարական կարգ, պատշաճ աղբյուր և պատշաճ եղանակ, հիմա մենք զրկված ենք այս տարրերից վիճարկելու առնվազն ձեռքբերման դատավարական կարգի պահպանված լինելու և պատշաճ եղանակի առումով, քանի որ, մեր համոզմամբ, չեն եղել ՕՀՄ թույլատրելու վերաբերյալ հիմքեր»,-ասաց Կոչուբաևը։

Պաշտպանը միջնորդեց ԱԱԾ-ից պահանջել Վահագն Վերմիշյանի մասով հեռախոսային խոսակցությունների վերահսկում, արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվություն ստանալու միջնորդության հիմքում դրված փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ այս միջնորդությունը ներկայացվել է նաև Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որը մերժվել է։

Դատավոր Արմեն Հովհաննիսյանի հարցին, թե գործի համար դրանով ինչ հարց պետք է լուծվի, պաշտպանն ասաց՝ մի կողմից իրենք վիճարկում են ընթացակարգային խախտումները, մյուս կողմից՝ չունեն համապատասխան նյութերը, դրանցից առաջինը կապված է  իրավասու սուբյեկտի հետ, իսկ երկրորդը, ըստ պաշտպանության կողմի, ՕՀՄ թույլտվություն ստանալու համար չեն եղել բավարար հիմքեր, ու դատարանն իր հերթին չի ունեցել պատշաճ հիմքեր բավարարելու այդ միջնորդությունը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը պաշտպան Արմեն Ֆերոյանին ներկայացված միջնորդության ու գրիչով նշված լինելու հանգամանքի մասին ասաց, որ ՕՀՄ-ների վերաբերյալ այս տեսակի վարույթները երբեք դատական համակարգ չեն մուտքագրվել, դրանք հույժ գաղտնի են եղել, նույնիսկ արխիվներ չեն հանձնվել։ Մակյանի հարցին, թե մուտքագրված չլինելու մասով ինչու է տարակուսանք առաջացել, Ֆերոյանը պատասխանեց՝ այն պատճառով, որ դատարանի նախագահը գործի համար հիմք հանդիսացող նյութերը չի տրամադրել, և, իրենց համոզմամբ, որոշումը կայացվել է հետին ամսաթվով։

Նախագահող դատավորը Ալեքսանդր Կոչուբաևին ներկայացված միջնորդության վերաբերյալ հարցրեց, թե այն դատավարության որ փուլում է ներկայացվել, վերջինս պատասխանեց՝ դատաքննության լրացման։

Հանրային մեղադրող, դատախազ Ծովակ Մնացականյանը Վ․Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդության վերաբերյալ հայտնեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատախազ Դավիթ Աղաջանյանը նշել էր, որ այդ տվյալները կողմին տրամադրվել են․ «Օրինակ, մեղադրյալ Ջոն Ֆարխոյանի դրվագով պաշտպան Երեմ Սարգսյանը վիճարկում էր միջնորդության հիմքում դրված զեկուցագիրը, և դրա հիման վրա բաժնի պետի կողմից ներկայացված միջնորդությունը․ ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ Երեմ Սարգսյանին այդ նյութերի հիմնավորումները հասանելի են եղել, իսկ պարոն Կոչուբաևին՝ ոչ»։

Այնուհանդերձ, դատախազը նյութերի տրամադրման հետ կապված ընդգծեց նաև, որ ինքն առհասարակ հակադրություն չի տեսնում, քանի որ այն ապացույցները, որոնք հիմնավորում են անձի մեղավորությունը, դրանց հիմքում դրված փաստերը պետք է հասու լինեն պաշտպանական մարտավարությունը կառուցելու համար։

Դատախազն Արմեն Ֆերոյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ հայտնեց՝ ստացվում է, որ նա վիճարկում է ապացույցի հիմքում դրված փասաթղթերը, այն հիմնավոր չէ, պետք է մերժվի՝ հաշվի առնելով նաև այն, որ պաշտպանի կողմից չի նշվում, թե ինչ հանգամանքների ուժով է ապացույցի ձեռք բերումը կասկածի տակ դրվում։

Դատավոր Արմեն Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե վերաքննության կարգը սահմանող որ նորմի հիման վրա է Ալեքսանդր Կոչուբաևը այդ միջնորդությունը ներկայացնում, վերջինս պատասխանեց՝ 365-րդ հոդվածով, և միջնորդության ներկայացման անհրաժեշտությունը ծագել է նաև հանրային մեղադրողի կողմից բողոքի պատասխանի ներկայացման ժամանակ հնչեցրած այն պնդումից, որ այդ նյութերը պաշտպանության կողմին տրվել են։

Դատավոր Մեսրոպ Մակյանը Արմեն Ֆերոյանին հարցրեց, թե նա ինչ նորմի հիմքով է միջնորդություն ներկայացնում, վերջինս պատասխանեց՝ այս պահին չի հիշում, չի կարող վկայակոչել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ այլ միջնորդություններ էլ ունի ներկայացնելու, դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց։

Ընդմիջումից հետո դատարանը որոշեց Արմեն Ֆերոյանի կողմից ներկայացված միջնորդությունը լուծել վերջնական դատական ակտի շրջանակներում, իսկ Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը մերժեց այն պատճառաբանությամբ, որ վկայակոչված հոդվածը սահմանում է «ապացույց ձևակերպումը, եզրույթը», բացի այդ, այն հիմքերը, որոնք պահանջվում է ստանալ ԱԱԾ-ից, բովանդակային առումով ապացույց չեն համարվում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներ Մուշեղ Ավետիսյանի, Էլեն Գրիգորյանի, Վրեժ Ասրյանի պաշտպան, փաստաբան Լևոն Սահակյանը։ Նա նշեց, որ իր ճառը ավելի շատ վերաքննիչ բողոքի պատասխանի վերաբերյալ դիրքորոշում է։

Նրա պաշտպանական ճառը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել