Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծն ընդգրկված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում:
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը կզեկուցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, որով Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ եւ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: 2022թ. ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մինչեւ 2022թ. ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, որին վերապահված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու լիազորություն:
ՀՀ Վարչապետի՝ 2022թ. մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022թ. մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողովներ) միջեւ առ այսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, որոնց շրջանակներում համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն՝ ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջեւ նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգի դրույթների համաձայն (2023թ. դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը հաստատել է նույնաբովանդական աշխատակարգ):
Կանոնակարգով, մասնավորապես, նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում եւ դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների/փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձեւակերպում եւ հրատարակում: Նախատեսվում է նաեւ սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործումը, որն էլ հնարավորություն է ստեղծում երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:
—————————–
Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը, որից հետո փաստաթուղթը ուղարկվել էր Սահմանադրական դատարան։