ԼՂ-ից բռնի տեղահանված՝ մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցներն իրավաչափորեն օգտագործողների համար սահմանվել է սեփականության իրավունքի գրանցման պարզեցված և արտոնյալ ընթացակարգ։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» որոշումը, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մասնավոր սեփականություն չհանդիսացող, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ գտնվող կամ իրենց կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։
Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք ունենալով փաստացի օգտագործողներ՝ դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել պետական իրավաչափ մոտեցմամբ, սոցիալական արդարության հիման վրա, պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև 2017 թ. արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ բռնի տեղահանված անձանցից չպահանջել տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ և սեփականության իրավունքի գրանցումը կատարել նշված տրանսպորտային միջոցների տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։
Բացի այդ, սոցիալական նկատառումներից ելնելով՝ շահառուները կազատվեն նաև փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։
Սահմանված ընթացակարգը գործելու է մինչև 2025 թ. հուլիսի 1-ը դիմելու դեպքում: