«ԱԱԾ-ն դասարան է ներխուժել երեխաների աչքի առաջ, 2 ժամ է՝ չենք կարողանում երեխաներին հանգստացնել»․ ծնող

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել, ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում սովորողներից մեկի ծնողը։

«Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է՝ չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։

Լավ, ո՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։ Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանեի՞ք։

Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը հիմնավոր է թե անհիմն, դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել»։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Նշենք, որ 201-րդ հոդվածը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն՝ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը (201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։

Բացի այդ, նշվում է, որ հանցանքը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ (201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել