Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։
«Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- ասաց Մանասյանը։
Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։ Իշխող քաղաքական թիմը մինչ այս պահը որոշում չունի նախարարի պաշտոնում նոր թեկնածուի վերաբերյալ։
Հոկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են կադրային հարցեր։