Միշտ համոզմունք եմ ունեցել, որ Սահմանադրական դատարանի ստեղծումը ոչ միայն անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության պետական իրավական համակարգի կայացման տեսանկյունից, այլ միշտ հանդիսանալու արհավիրքներից, քաղաքական հակադիր գործընթացներից, նույնիսկ «երկրաշարժերից» պաշտպանող մեխանիզմ: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Սահմանադրական դատարանը 1996 թվականի փետրվարի 5-ից ձևավորվել էր հենց այդ սկզբունքների հիման վրա: Շատերը Սահմանադրական դատարանի մասին կարծիք էին ձևավորել ընտրական գործընթացների արդյունքներով ընդունած որոշումներով առանց դրանք կարդալու, ոմանք բացահայտել էին Սահմանադրական դատարանին մի շարք այլ գործերով:
Վերջերս Սահմանադրական դատարանը պարզապես հրաժարվել է սահմանադրական արդարադատության փիլիսոփայությունից, էությունից, կամ «ինքնաբացարկ» է հայտնել իր առաքելությունից: Դա ակնհայտ է բոլորի համար, դա այլևս անվիճելի վիճակագրական փաստ է: Վերջնական արդյունքը եղավ ՍԴՈ-1749 որոշումը, կամ Անկախության հռչակագրի մասին որոշումը, կամ «Հռչակագիրը խժռելու» մասին որոշումը: Կարճ պատասխանը հետևյալն է. Անկախության հռչակագիրը սովորական նորմատիվ իրավական փաստաթուղթ չէ, այն հավերժական փաստաթուղթ է, վեր կանգնած բոլոր նորմատիվային փաստաթղթերից: Անկախության հռչակագրին կարելի է վերագրել «Ծնողի» տիտղոսը, բայց այն հանդես է գալիս «Զավակի» համար ճանապարհ հարթողի, ուղենիշ տվողի դիրքերից և ոչ երբեք «խժռողի», և աբսուրդ է նման պնդում կատարելը և «հերոսաբար» այն հերքելու լուծումներ գտնելը:
Անկախության հռչակագիրը մեզ տվել է Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները և ոչ մի կառույց, նույնիսկ Սահմանադրական դատարանը չի կարող այն մեզանից «խլել», կամ նման դիրքորոշումներ պարտադրել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է անցնել Սահմանադրությունից դեպի Սահմանադրականություն և վերջ»,-նշել է նա: