Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային տարբերակով

ՀՀ-ում առաջին անգամ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային տարբերակով։ Այն կմեկնարկի նոյեմբերի 9-ից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար արդեն իսկ դիմել են չաշխատող, սակայն մասնագիտություն ունեցող 6000 ուսուցիչ։

«Սա ևս մեկ միջոց է՝ խրախուսել ուսուցիչների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ ուսուցիչը, լրացնելով թեստը, ավարտից հետո կտեսնի արդյունքը, և պարզ կդառնա՝ նշված հարցերից քանիսին է ճիշտ պատասխանել։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում 35 քննական կենտրոն կլինի. «Քանի որ սա առաջին տարին է, անհնարինության դեպքում չենք բացառել նաև թղթային տարբերակը»,- ասել է նա։

«Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» առարկա չի դասավանդվում, առարկայի բովանդակությունը ներառված է «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկայական չափորոշիչներում և ծրագրերում, ուստի անհրաժեշտություն է առաջացել նախագծում իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ կարգից հանելով «Հայրենագիտություն» առարկային վերաբերող կարգավորումները:

Բացի այդ, գործող կարգի 8-րդ կետում առկա՝ ««Հայրենագիտություն» և «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայրենագիտություն» առարկայից, «Բնագիտություն» և «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Բնագիտություն» առարկայից» և 10-րդ կետում առկա՝ ««Բնագիտություն» («Բնություն») և «Հայրենագիտություն» («Իմ հայրենիքը») առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:» Ձևակերպումների միջև առկա է հակասություն, և ահնրաժեշտ է այն վերանայել՝ սահմանելով, որ «Բնագիտություն» («Բնություն») և «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները 2023 թվականից ևս ատեստավորման հնարավորություն ունեն, և գործարկման ընթացքում կայացվել է որոշում՝ ինտեգրված թեստավորում իրականացնելու մասին, ուստի նախագծով կսահմանվի, որ դասվարները կթեստավորվեն մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։

Իրավական ակտում կատարվող փոփոխությունները թեև ծավալուն են, այնուամենայնիվ, նոր խմբագրությամբ այն շարադրելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով փոխկապակցված իրավական ակտերում, հավելավճարի տրամադրման համար կնքվող պայմանգրերում սույն կարգի մասնավորապես դրույքաչափին ու հավելավճարներին վերաբերող կետերին կատարված բազմաթիվ հղումների քանակը: Կարգը նոր խմբագրությամբ շարադրելու դեպքում՝ փոփոխությունների անհրաժեշտություն կառաջանա դրա հետ կապված այլ իրավական ակտերում»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել