Ի՞նչ է կարգավորման ազդեցության գնահատումը

Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է:

Օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի առաջադրած և Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը ներկայացված օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը, կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Նախագիծ մշակող մարմինը նախագիծը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին (այսուհետ` ազդեցության գնահատող)` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, ներառյալ` փոքր և միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Եթե նախագիծ մշակող մարմինը հանդիսանում է նշված բնագավառներից որևէ մեկում ազդեցության գնահատող, ապա տվյալ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է նախագիծ մշակող մարմինը:

Նախագիծը, վերը նախատեսված բնագավառներից բացի, այլ բնագավառների հետ առնչվելու դեպքում նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող է իրականացվել նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում նաև այդ բնագավառների վերաբերյալ:

Նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ նախագծի կարգավորման ազդեցության գնահատում կարող են իրականացնել նաև գիտական կազմակերպությունները:

Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում` 5-օրյա ժամկետում, պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում և դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) և այն ներկայացնել նախագիծ մշակող մարմնին:

Եզրակացությունը ներառում է`
1) կարգավորման արդյունքները.
2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում` համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.
3) այն դեպքում, երբ ազդեցության գնահատողի կարծիքով և կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է համապատասխան բնագավառի համար, նշված տարբերակը` համապատասխան հիմնավորումներով.
4) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.
5) տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծություններ:

Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետևանքները գնահատելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն է Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձը:

Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները սկսվում են պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

Հանրային քննարկումներն իրականացվում են նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, իսկ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է:

Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել