Երեւանում, հունիսի 27-ին, ժամը 11-ին, բողոքի ակցիա տեղի կունենա քաղաքապետարանի դիմաց` ընդդեմ Նանսենի այգում կատարվող կառուցապատման:
Այս կապակցությամբ այդ տարածքի բնակիչները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.
«Նանսենի այգում դեռեւս շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնց օրինական հիմքերը խիստ կասկածելի են` չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ քաղաքապետարանը մեր` բնակիչների բողոքներին պատասխանել է միայն մամլո ասուլիսի ձեւով, որտեղ այդպես էլ հիմնավոր տեղեկատվություն չի տրվել կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Հաշվի առնելով այս ամենը եւ մինչ այժմ կատարված հաջողված ու անհաջող փորձերը` հանրային տարածքներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար, մենք` Երեւանի եւ մասնավորապես Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչներս, նախաձեռնում ենք բողոքի ակցիա Երեւանի քաղաքապետարանի մոտ, որի ժամանակ կպահանջենք, որպեսզի քաղաքապետն անձամբ պատասխանի բնակիչների հարցերին եւ չեղյալ համարի այն որոշումները, որ կայացրել է առանց մեր` քաղաքացիներիս համաձայնության:
Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ֆիզիկական ներկայությամբ արտահայտել իրենց բողոքը եւ դրանով իսկ նպաստել մեր քաղաքի եւս մի հանրային ու կանաչապատ տարածքի պահպանմանն ու նպատակային նշանակությամբ օգտագործմանը»: