Մայր Տաճարը վերաօծվեց։ Շուրջ 6 տարի ամբողջապես փակ լինելուց հետո այն արդեն վերաբացվեց բոլորի համար։ Արարողության ներկա էին գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչները, բարերարներ, պատվավոր հյուրեր։ Հիմքից մինչև մայր եկեղեցու խաչ հիմնանորոգվել է։

«Սուրբ Էջմիածին» նոր բարձրագույն շքանշաններ շնորհվեցին այն բարերարներին, որոնք աջակցել են Մայր տաճարի վերանորոգմանը։ Նրանք են՝ Վաչե և Թամար Մանուկյանները, Սամվել և Էթերի Կարապետյանները, Պերճ և Վերա Սեդրակյանները, Էրիկ և Միլանա Իսրայելյանները, Նուբար և Աննա Աֆեյանները, Էլզա Դիդիզյանը, Նվեր և Ելենա Մխիթարյանները, Անահիտ Յակուբյանը, Հրաչ և Սյուզն Թուֆայանները։

Վերջին օրերին ամենաքննարկվող թեման էր՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները կմասնակցեն Մայր աթոռի միջոցառումներին: Այսօր տաճար էին ժամանել վարչապետը տիկնոջ հետ, նախագահը, ԱԺ նախագահը, այլ պաշտոնատար անձինք, գործարարներ։ Սուրբ պատարագը դեռ չավարտված վերջիններս լքեցին Էջմիածնի Մայր տաճարը։

Ամենայն հայոց կաթողիկոսն իր պատգամում նշեց, որ պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածին հոգևոր կենտրոնով, բազմիցս ենթարկվել է հարձակումների և հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները։
«Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի»,-նշեց կաթողիկոսը։
Մայր Տաճարի բակում արարողությանը ներկա էին ուղտավորներ՝ աշխարհի տարբեր ծայրերից։

Այնուհետև կաթողիկոսը իջավ բեմից ու հնարավորություն տվեց ներկաներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։





