Ինչպե՞ս են մշակվում իրավական ակտերի նախագծերը

Իրավական ակտի նախագիծը մշակող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պետական կամ համայնքային հիմնարկը կամ իրավաբանական անձը, այդ մարմնի աշխատակիցների ու մասնագետների թվից կարող է ստեղծել նախագծի մշակման հանձնաժողով: Նախագծի մշակման աշխատանքները կատարելու համար կարող են ներգրավվել նաև գիտական կազմակերպությունների, շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Ծավալով կամ կարևորությամբ նշանակալից օրենքի կամ նորմատիվ իրավական այլ ակտի նախագծի մշակման աշխատանքների սկզբում նախագիծը մշակող մարմինը կարող է պատրաստել դրա հայեցակարգը: Հայեցակարգում տրվում են կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը և ապագա իրավական ակտի նպատակները, շարադրվում են հիմնական դրույթները, վերլուծվում են նախագծվող նորմերի կիրարկման ենթադրվող հետևանքները, կարող է ներկայացվել իրավական ակտի նախնական կառուցվածքը:

Իրավաստեղծ մարմինը կարող է նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակումը հանձնարարել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Իրավաստեղծ մարմինն իրավասու է այլընտրանքային նախագծերի նախապատրաստումը հանձնարարել մի քանի հիմնարկի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց: Իրավաստեղծ մարմինն իրավասու է հայտարարել լավագույն նախագծի մրցույթ:

Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմինների ներկայացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: Իրավաբանական և ֆիզիկական անձանց մշակած օրենքների ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, ներկայացվում են օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց կամ մարմինների:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակողներն իրավունք ունեն մասնակցել նախագծերի քննարկումներին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտի նախագծի հեղինակները կարող են մասնակցել համապատասխան նախագծերի քննարկմանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի վերևի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել