Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2024 թ․ օգոստոսի 29-ին քաղաքացի Էդգար Ղազարյանը դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որով նշվել է՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2022 թ․ ՀՀ ԱԺ մարտի 3-ի որոշմամբ, ՀՀ վարչապետի փետրվարի 2-ի՝ ՀՊՏՀ կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և վարչապետի 2015 թ․ դեկտեմբերի 22-ի որոշումն ուժը ճանաչելու մասին թիվ 63-Ա որոշմամբ ընդգրկվել է ՀՊՏՀ կառավարման խորհրդի կազմում՝ որպես հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամ։
Դիմումատուն հայտնել է, որ 2021 թ․ փետրվարի 4-ին ՀՊՏՀ կառավարման խորհրդի որոշմամբ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում, իսկ 2022 թ․ հունվարի 10-ին ՀՊՏՀ կառավարման խորհրդի որոշմամբ նա վերընտրվել է նույն պաշտոնում։
Համաձայն դիմումի՝ Խաչատուրյանը Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հրաժարական չի ներկայացրել ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից։
Դիմումատուն վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասը, նշել, որ նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք։
Բացի այդ, դիմումատուն հայտնել է նաև, որ 2021 թ․ փետրվարի 4-ից մինչ օրս ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու պարագայում որևէ տեղեկություն դրա վերաբերյալ չի նշել Հանձնաժողով ներկայացրած 2021, 2022, 2023 թվականների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրում։
Վերոնշյալ փաստական տվյալները նշելով՝ քաղաքացին խնդրել է Հանձնաժողովին իր իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել Վահագն Խաչատուրյանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ի՞նչ պատճառաբանություններ և եզրահանգումներ է կատարել Հանձնաժողովը։
Հանձնաժողովն արձանագրել է՝ դիմումով պահանջվող առերևույթ խախտման հարցի քննարկումը պետք է դիտարկվի՝ հաշվի առնելով նախագահի սահմանադրական հատուկ կարգավիճակը և երաշխիքները։
Մատնանշելով Սահմանադրության 123-րդ հոդվածը՝ ընդգծվել է, որ նախագահը համարվում է պետության գլուխն ու հետևում է Սահմանադրության պահպանմանը։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ նախագահն առանձնահատուկ դերակատարություն ունի սահմանադրական կարգի պահպանման, սահմանադրական մարմինների միջև փոխհարաբերությունների հավասարակշռման հարցում։
Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար։ Նույն հոդվածով նախատեսվում է, որ պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար ԱԺ-ն դիմել է ՍԴ։
ԿԿՀ-ն ՍԴ մի քանի իրավակարգավորումների վերլուծությամբ արձանագրել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմքերի առկայությունը քննարկելու և հաստատելու իրավասությամբ օժտված է բացառապես Սահմանադրական դատարանը։ Անհամատեղելիության պահանջների ենթադրյալ խախտման վերաբերյալ Հանձնաժողովը նշել է, որ «Կոռուպցիայի կանխարգելմասն մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է Հանձնաժողովի լիազորությունը՝ քննելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ դիմումներ։
Հանձնաժողովը եզրակացության մեջ հայտնել է նաև, որ նախագահի պարագայում անհամատեղելիության պահանջի խախտումն ինքնին լիազորությունների դադարեցման հիմք չէ, ու նախագահի լիազորությունները կարող են դադարեցվել այն դեպքում, երբ ՍԴ եզրակացությամբ արձանագրվի, որ տեղի է ունեցել «Սահմանադրության կոպիտ խախտում»։
ՍԴ-ի կողմից եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը և Հանձնաժողովի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը ծառայում են նույն նպատակին, այն է՝ պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության ստուգումը։
Նախագահի կողմից տվյալ տարիների գույքերի ու եկամուտների հայտարարագրման առերևույթ խախտման առնչությամբ դիմումով ներկայացված պահանջին անդրադառնալով՝ ԿԿՀ-ն արձանագրել է, որ «Կոռուպցիայի կանխարգելմասն մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ Հանձնաժողովն իրականացնում է հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրի վերլուծություն։ Միաժամանակ Հանձնաժողովը արձանագրել է, որ հայտարարագրերի վերլուծության համար առկա են օրենքով նախատեսված հիմքեր։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմումի վերաբերյալ հետևյալ որոշումն է կայացրել․
- մերժել Էդգար Ղազարյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթի հարուցումը։
- Իրականացնել Վահագն Խաչատուրյանի կողմից ներկայացված 2022 և 2023 թթ․ հայտարարագրերի վերլուծություն։
- Եռօրյա ժամկետում որոշումն ուղարկել դիմումատուին։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում։
Որոշման ամբողջական հղումը՝ այստեղ։
Մարիամ Շահնազարյան