Աջակցության ծրագրից կօգտվեն նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բռնի տեղահանված ուսուցիչները․ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի շահառու հանդիսանում են միայն 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները, սակայն ծրագրի մեկնարկից հետո 2020 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանցից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ ու զանգեր՝ առաջարկելով իրենց ևս դիտարկել ծրագրի շահառու՝ հաշվի առնելով, որ նույն պատճառով իրենք հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ 2023 թվականին տեղահանված անձինք:

Կառավարության որոշման նախագծում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» N 1756-Լ որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված» բառերը փոխարինել «2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված» բառերով՝ բոլոր հոլովաձևերով»:

Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի  ծախսերի ավելացում այն հիմնավորմամբ, որ 2024 թվականի բյուջեում նախատեսված է 309 միլիոն ՀՀ դրամ 500 ուսուցչի համար, 2025 թվականին՝ 202 միլիոն 766 հազար ՀՀ դրամ՝ 434 ուսուցչի համար: 2024 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ սույն ծրագրի շահառու է հանդիսանում 404 ուսուցիչ, ուստի նոր շահառուների ավելացմամբ այլ մասնագետների ևս հնարավորություն կընձեռվի նախատեսված ծախսերի շրջանակում համալրելու մարզերի ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերը՝ նախատեսված ֆինանսավորման ծավալները չգերազանցելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել