ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպան

ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է տեղի ունեցել  Աթենքում, հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։
Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն-համերգ, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկավ «Կադանս» համույթը։

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Դենդիասը, առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը, Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսը, Հունաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, Աթենքում հավատարմագրված երկու տասնյակից ավել դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ռազմական կցորդներ, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, հունական եկեղեցու և հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր։

Բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացին, 2020թ․ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և ԼՂ հայերի բռնի տեղահանությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Հունաստան հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնված քայլերին։
ՀՀ դեսպանը մասնավորապես նշեց․

«33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մեր երկրում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում Հայաստանի բնակչության 95 տոկոսն իր վճռական «Այո»-ն ասաց ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու գործընթացին: Գործընթաց, որը մարմնավորում էր հայ ժողովրդի եկար փայփայած իղձերը և ձգտումները, որոնք նախ արտահայտվել էին 1990 թ․ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի միջոցով։ Սակայն սա մի գործընթաց էր՝ լի բազում մարտահրավերներով․ անկախ և ազատ պետության կառուցումը պայքար էր, որին Հայաստանը բախվում է անգամ այսօր՝ ջանալով ամրապնդել իր ինքնիշխանությունը և խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

Սեպտեմբերի 21-ը, ինչպես նշեցի, ուրախության պահ է, բայց սեպտեմբերը հիշեցնում է նաև կորուստների և ողբերգությունների մասին։ Ուղիղ չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Եվ ընդամենը մեկ տարի առաջ ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը՝ 9-ամսյա պաշարումից, սովից, պարբերական ահաբեկումներից և կրակոցներից հետո մի տարածքում, որը արձանագրված պատմության 3 հազարամյակների ընթացքում մինչև վերջերս հայաբնակ է եղել։ Ադրբեջանը, խախտելով Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բոլոր հոդվածները, այսօր էլ շարունակում է անտեսել մի շարք երկրի և միջազգային կազմակերպությունների կոչերը։ Եվ քանի դեռ անպատիժ են հայերի էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության և տեղի բնակչության ունեցվածքի ոչնչացումը, Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիների դեմ կեղծ դատավարությունները և անողոք ատելության խոսքը, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ահաբեկումը կրում է շարունակական բնույթ։ Հայաստանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով՝ կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր դժվարություններին, մենք չենք կարող մեզ թույլ տալ հուսահատվել։ Հայաստանը միշտ ունեցել է և հիրավի ունի լավ բարեկամներ։

Հայ և հույն ժողովուրդների միջև դարեր ի վեր ձևավորված փոխվստահությունը, ամուր բարեկամական կապերը, միանշանակ, իրենց ազդեցությունն են ունեցել նաև ժամանակակից պայմաններում մեր երկու պետությունների փոխհարաբերությունների կայացման և զարգացման վրա: Հայաստանի երրորդ Հանրապետությունը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը՝ թե՛ երկկողմ արդյունավետ համագործակցության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության առումով։

Խոսելով հույն-հայկական հարաբերությունների մասին՝ անհնար է չհիշատակել, թե ինչ վիթխարի դեր են խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում մեր սիրելի հայրենակիցները՝ հունահայերը։ Նրանց ընդունել են Հունաստանում անհիշելի ժամանակներից, Հայոց ցեղասպանության, ապա նաև Մեծ աղետից հետո։ Նրանք անջնջելի ներդրում ունեցան Հունաստանում, մեր հույն եղբայրների և քույրերի հետ միասին մասնակցեցին Հունաստանի նորագույն պատմության կերտմանը` փայփայելով պատմական հայրենիքի հիշողությունները, որտեղ իրենց, մեր նախնիները հիմնել են հնագույն մեծ քաղաքակրթություններից մեկը:

Անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին՝ պետք է գոհունակությամբ նշեմ, որ այս տարին ևս ակտիվ քաղաքական երկխոսության և Հունաստանի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդման տարի էր: Դեռևս հունվարին Երևան այցելեց Հունաստանի արտաքին գործերի նախարարը: Մեր արտգործնախարարները պարբերական շփման մեջ են գտնվում, որոնցից վերջինը տեղի ունեցավ երեկ՝ Նյու Յորքում։ Փետրվարին Հունաստանի վարչապետի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետի այցն Աթենք։ Երկու առաջնորդները կրկին վերահաստատեցին երկու երկրների համերաշխությունը և ընդհանուր մոտեցումները միջազգային զարգացումների համատեքստում: Երկկողմ օրակարգից բացի քննարկվեցին նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը, և այս գործընթացում ևս վայելում ենք մեր հույն գործընկերների ակտիվ աջակցությունը, ինչի համար թույլ տվեք կրկին հայտնել հայկական կողմի երախտագիտությունը: Այս թեմաները կրկին քննարկվել են հուլիսին Մեծ Բրիտանիայում կայացած վարչապետների հանդիպման ժամանակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում, և ընդամենը երկու օր առաջ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիման ընթացքում։

Քաղաքական երկխոսությանը զուգահեռ ակտիվ համագործակցությունը շարունակվել է նաև պաշտպանական բնագավառում: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Աթենք կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց երկու կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այնուհետև մարտի 4-ին պատասխան պաշտոնական այցով Հայաստան է մեկնել Հայաստանի մեծ բարեկամ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը, ինչը ևս մեկ ուղենիշ էր Հայաստանի և Հունաստանի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման գործում։

Ուրախ եմ, որ այսօր այստեղ ներկա են նաև Հունաստանի Էվելպիդոնի ռազմական ակադեմիայի հայազգի սաները, և ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեծարգո նախարարին հայազգի ուսանողների թիվն ավելացնելու համար։
Տնտեսական ոլորտում ևս քայլեր են ձեռնարկվել համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։ Այս առումով Enterprise Greece-ի և Enterprise Armenia-ի միջև հուշագրի ստորագրումը շատ կարևոր էր և վաղուց սպասված: Վերջին երկու տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կրկնապատկվել է։

Ակադեմիական ոլորտում համագործակցությունը նույնպես զարգանում է. այս տարեսկզբին մենք Թրակիայի Դեմոկրիտ համալսարանում հիմնեցինք Հայագիտության կենտրոն, որը, հուսով ենք, ամբողջությամբ կսկսի գործել շուտով: Նաև Հայաստանի գիտությունների ակադեմիան և Աթենքի ակադեմիան ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը կրկին շատ սպասված էր։

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ընդգծել, որ այսօր Հայաստանից հրավիրել ենք «Կադանս» երաժշտական համույթին, որը բարձր գնահատականի արժանացած պրոֆեսիոնալ երաժիշտների խումբ է։ Մշակույթը միավորում է, և այն երաժշտությունը, որը մենք վայելելու ենք այսօր, դրա վկայությունն է: Կլսենք հայկական երաժշտություն, մեծն Շառլ Ազնավուրի մի քանի ստեղծագործություն, որի 100-ամյակը նշում ենք հիմա։ Կլսենք նաև արգենտինական, հունական և ֆրանսիական երաժշտություն։ Այդ բոլոր մեղեդիները բավականին տարբեր են, բայց բոլորը հավասարապես գեղեցիկ են: Ես միշտ հավատացել եմ, որ դիվանագիտությունը պետք է մեծ տեղ վերապահի մշակույթին և միշտ հավատարիմ եմ եղել մշակութային դիվանագիտության զարգացմանը, և ուրախ եմ փաստել ակնհայտը. այսօր մենք հենց դա ենք անում»։
ՀՀ դեսպանի ելույթին հաջորդեց Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի ողջույնի խոսքը, ով իր գոհունակությունը արտահայտեց Հայաստանի հետ համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունների համար և նշեց․ «Ուզում եմ, որ բոլորն արձագանքեն, որ մեզ համար այստեղ՝ Հունաստանում, Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է: Մեծացել ենք ընդհանուր հիշողություններով, ընդհանուր պատմական արմատներով, ընդհանուր մշակութային արժեքներով և այստեղ պետք է համարենք, պարոն դեսպան, որ Հունաստանը մի երկիր է, որտեղ հայերը ոչ միայն պարզապես բարեհաճորեն ընդունված են, այլ կարող են իրենց զգալ ինչպես իրենց հայրենիքում: Հունաստանը և իհարկե իր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին», նշեց Ադոնիս Գիորգիադիսը։

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեցին «Կադանս» համույթի կատարումները, որոնց մեջ ներառված էին նաև Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից։ Համերգից հետո տեղի ունեցավ ընդունելություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել