«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, փոխզսպող և կանխատեսելի»․ Բաբկեն Թունյանը՝ հանքարդյունաբերության ֆորումին

«Իմ կարծիքով՝ ամենակարևոր բանը ներդրողների համար տվյալ երկրի կարգավորումների հստակությունն ու կանխատեսելիությունն է։ Ես հիմա պիտի շատ անկեղծ լինեմ, որ մեր փորձը վերջին տարիների հակառակին է ուղղված եղել»-, այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին կայացած Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումի ընթացքում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով արտասահմանյան ներդրողների համար ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի գրավչության և ոլորտային խնդիրների վերաբերյալ հարցին։

«Մենք Ամուլսարի հետ կապված ունեցել ենք մի իրավիճակ, որ հիմա եթե հետհայացք գցենք՝ կստացվի, որ անկախ նրանից, որ այդ պրոյեկտը հետաձգելով մեր տնտեսությունը կարող էր օգուտներ ունենալ կամ՝ ոչ, հարկային եկամուտները կարող էին աճել-չաճել, անկախ այս ամենից՝ դա մեր երկրի ներդրումային գրավչության վրա ինչպես ազդեց․ իմ կարծիքով՝ դա շատ ավելի կարևոր հարց է, որովհետև ցանկացած ներդրող, այդ քեյսն իր աչքի առաջ ունենալով, կարող է ողջամիտ կասկած ունենալ, որ վաղը մյուս օր խաղի կանոնները կարող են իր համար ևս փոխվել։

Մեզ համար ամենակարևորը այնպես անելն է, որ խաղի կանոնները հստակ լինեն, տարընթերցումների տեղիք չտան, այնպես անեն, որ ներդրողները երկարաժամկետ կանխատեսելիություն ունենան, անկախ քաղաքական իշխանության կամ այլ հանգամանքների փոփոխությունից՝ իրենք իմանան, որ իրենց համար գործում են այս ստանդարտները, և որպեսզի տվյալ երկրում կարգավորումները լինեն հավասարակշռված։

Այսինքն հաշվի առնեն և բնապահպանական հանգամանքը՝ լավագույն ստանդարտների կիրառումը, ռիսկերի կառավարումը, նաև այնպես անեն, որ մարդիկ աշխատելու մոտիվացիա ունենան, որովհետև առանց շահույթի որևէ բիզնես չի կարող աշխատել և չի էլ աշխատի։

Համակարգը պետք է լինի մոտիվացնող, փոխզսպող և կանխատեսելի։ Եթե դա մենք ապահովենք, մնացած գործոնները ոլորտի բուն քաղաքականության հետ կապված հարցեր չեն»։

Խոսելով ներդրողների շահերի պաշտպանության ոլորտում առկա առաջընթացի մասին՝ Թունյանը նշեց, որ երկխոսության առումով առկա է առաջընթաց․ «Ես տեսնում եմ, որ Կառավարությունը որևէ օրենքի նախագիծ կամ ռազմավարություն մշակելու ժամանակ կաբինետում նստած առանձնացած չի աշխատում, ոլորտի հետ քննարկում կա և կարծիքը հաշվի է առնվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել