«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4918 անձ: Այս պահի դրությամբ նախագահի հրամանագրերով նրանցից 3226-ին քաղաքացիություն է շնորհվել։ Ցուցանիշում ներառված չեն անչափահասները։ 83 անձ էլ դիմումը հետ է վերցրել»,-այս մասին հայտնեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Ըստ վերջին տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 359 քաղաքացի, որից 30 հազար 306-ն անչափահաս են։
«Մոտ 150 հազար սյուբյեկտ էր գրանցված ԼՂ բնակչության պետական ռեգիստրում։ Կառավարության համապատասխան որոշմամբ կազմվել է այն թիրախ-խումբը, որոնց կառավարությունը տվել է ժամանակավոր պաշտպանություն, նույնն է, թե՝ փախստականի կարգավիճակ, և այն անձինք, ովքեր մոտեցել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարբեր տարածքային ստորաբաժանումներ՝ ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալու, այդ ծավալի մասով հստակ կարող ենք արձանագրել, որ 115 հազարից ավելի անձ այս պահին ունի կարգավիճակը»,-նշեց նա։
Հարցին, թե ինչու են բռնի տեղահանված անձինք խուսափում ՀՀ քաղաքացիություն ստանալուց նա պատասխանեց, որ ըստ իրենց դիտարկումների՝ այն եզրակացությունն ունեն, որ կան մի շարք մտավախություններ։
«Դրանք հիմնականում չհիմնավորված են և ուրճացված, մենք դրանց անվանում ենք՝ միֆեր։ Շատ հաճախ այդ մտավախությունները կտրված են լինում իրականությունից, օրինակ, որ կարող է փախստականի կարգավիճակով անձը մշտական և օրինական բնակություն հաստատել եվրոպական այս կամ այն երկրում, դա այդպես չէ։ Օրինակ, որ վերցնելով ՀՀ քաղաքացիություն, անձը կզրկվի սոցիալական աջակցության որևէ ծրագրից, դա այդպես չէ։ Սոցաջակցության բոլոր ծրագրերի առանցքում տեղահանության հիմքն է։ Ընկալումների և իրավական կատեգորիաների շփոթմունք ունենք, հենց դա է խանգարում։ Հարցը շատ զգայուն է և էմոցիաների տեսանկյունից երբեմն խանգարում է որոշում կայացնել։ Տեղահանված լինելու փաստը մարդուն և իր կյանքին անխզելիորեն կապված իրադարձություն է և իրավական կարգավիճակով հնարավոր չէ դա չեղարկել, հերքել։ Այն որ տրամադրվել է փախստականի կարգավիճակ, դրանով արդեն իսկ ֆիքսվել է՝ ինքնությունը, տեղահանությունը, փախստականության երևույթը, հայրենիքը, հողը, ջուրը, տունը կորցրած լինելու փաստը։ Հիմա արդեն ժամանակն է իրավական կարգավիճակի հստակեցման»,-նշեց Նելլի Դավթյանը։