«Կոռուպցիան մեր երկրի համար դարձել է քաղցկեղ: Հաճախ դրա դեմ պայքարը վիրահատական միջամտություն է պահաջում», – ասում է Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը:
Այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնվենցիաների իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և կամակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանի խոսքով կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելուն խանգարում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը:
ՀԵԻԱ նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր զեկույցում կարևորեց ապօրինի հարստացման քրեականացման դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև հաղորդում տվող անձանց պաշտպանությունն ու խրախուսումը:
Այդ ոլորտում արդյունավետ ճանապարհներ գտնելու համար ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է նայել նախապայմաններին. «Երեք նախապայման կա: Առաջինը` քաղաքական կամքն է կոռուպցիայի դեմ պայքարում, երկրորդը`մեխանիզմներ օրենսդրական մակարդակով դրանք իրացնելու, իրականացնելու և երրորդը` հասարակական պահանջարկը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցությունը պետական մարմիններ հետ` քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու և դրա դեմ պայքարելու համար»:
Պատգամավորը կողմ է ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ քննարկումներին, սակայն չի շտապում միանշանակ պատասխան տալ` այս պահին նորմի սահմանումը պետք է օրենքով, թե` ոչ:
Երևանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանը վկայակոչելով ՄԱԿ-ի կոռուպցիայի մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի պետական մարմին, որը զբաղվի հակակոռուպցիոն ոլորտի կանոնակարգմամբ, վերլուծությամբ, պրոպագանդայով և կանխարգելիչ աշխատանքներով. «Ավելի շատ պետական մարմինները զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարելով` որպես իրավապահ մարմիններ հարուցում և քննում են կոռուպցիոն բնույթի գործեր»:
Քննարկման վերջում իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանն իր զեկույցում հայատարարեց, որ Սանկտ Պետերբուրգի հոգեբանները պաշտոնատար անձանց խորհուրդ են տալիս իրենց գրասենյակներում ունենալ մեծ հայելիներ: Հոգեբանները համոզված են` այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն կոռուպցիայի դեմ պայքարում:
Նունե Հովսեփյան