«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-այս մասին հայտարարություն է տարածել Սիրվարդ Գևորգյանը։
«Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:
Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:
Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»:
Հիշեցնենք՝ նա այս պաշտոնում նշանակվել է սեպտեմբերի 5-ին։
Նշենք, որ նրա նշանակումից հետո ակտիվ քննարկվում էր վերջինիս էջում հրապարակված լուսանկարը, որում ինքն է՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ․ «Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել նաև ես:
Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ որևէ քաղաքական գործ չի աջակից, երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Կյանքի և աշխատանքի բերումով շփվել եմ տարբեր մարդկանց հետ, այդ շփումներն իմ կյանքում իրենց ուրույն տեղն ունեն և ես դա չեմ ուրանում, սակայն իմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը, Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը:
Վերջին տարիներին Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ներդրել եմ առավելագույնը: Պետական համակարգում եմ 2005 թվականից, աշխատել եմ նախ ֆինանսների նախարարությունում, ապա՝ Ազգային ժողովում, հետո արդեն Արդարադատության նախարարությունում։ 2021 թվականից, գրեթե երեք տարի, զբաղեցրել եմ նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնը և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը, երբ նշանակվեցի Արդարադատության նախարարի տեղակալ, չեմ զբաղեցրել որևէ քաղաքական պաշտոն:
Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»: