Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծով նախատեսվում է բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ` Գյումրի քաղաքի Անի եւ Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովման համար: Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը: Վաչե Տերտերյանի խոսքով համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում:
Պատգամավորների` Գյումրու լուսավորության, ջրամատակարարման, ճանապարհաշինարարական համակարգերի փոխկապակցվածությանը, համաձայնագրի ժամկետի երկարաձգման նպատակահարմարությանը վերաբերող հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: