ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
«Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս.Պ.-ի և շարքային Ա.Զաքարյանի միջև։
Դրա ընթացքում Ս.Պ.-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և նշան բռնելով Ա.Զաքարյանին և այդ կերպ թիրախավորելով նրան՝ մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում՝ աջ ուսահոդի դրսային մակերեսի և ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի նույնանման վերքերի ձևով մարմնական վնասվածք։ Ստացած հրազենային վիրավորումից, զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա.Զաքարյանը մահացել է։
Զինծառայող Ս.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը քննարկելու համար»:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: