Ռեաբիլիտացիա՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար․ նոր նախագիծ է հանրային քննարկման ներկայացվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը:

Այն հնարավորություն է տալիս տարբերակում չսահմանել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման հարցում, իսկ ծրագիրը մշակվելու է մասնագետների կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա՝ տարբեր մոդուլների համակցության միջոցով։

Նախագծով մասնավորապես՝

  1. հստակեցվում են ռեաբիլիտացման ծրագրի բովանդակությունը, մոդուլները, դրանց տևողությունը և պարբերականությունը,
  2. հստակեցվում են հասարակական կազմակերպության ընտրության կարգերը, դրանց նկատմամբ մշտադիտարկման և սուպերվիզիայի իրականացումը, ինչպես նաև ծրագրի աջակցության ու վերանայման հնարավորությունը,
  3. հստակեցվում է ծրագրի իրականացման հնարավորությունը նաև պրոբացիայի ծառայությունում և քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց նկատմամբ,
  4. հստակեցվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացման ծրագրին ներկայացվող պահանջները, անհատական կարիքների գնահատման վրա հիմնված լինելը և այլ պայմաններ,
  5. սահմանվում են այլ կարգավորումներ:

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ առնչվում են ոչ միայն օրենքով նախատեսված մարմիններն ու հիմնարկները, այլ նաև քրեակատարողական հիմնարկներն ու պրոբացիայի ծառայությունը: Մասնավորապես, պրոբացիայի ծառայությունն օրենքով սահմանված կարգով կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, մասնավորապես՝ հանրային աշխատանքները, ազատության սահմանափակումը և այլն, իրականացնում է վերահսկողություն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է նաև վերասոցիալականացման աշխատանքներ պրոբացիայի շահառուների հետ:

Քրեակատարողական հիմնարկն իրականացնում է կարճաժամկետ ազատազրկումը, ազատազրկումը և ցմահ ազատազրկումը: Այդ հիմնարկում գտնվող դատապարտյալի հետ իրականացվում են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ, որոնց արդյունավետության բարձրացման համար ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք ապահովում են վերասոցիալականացումը:

«Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց նկատմամբ ռեաբիլիտացման ծրագրերի միատեսակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծով սահմանվող կարգավորումները տարածել ոչ միայն այն հասարակական կազմակերպության վրա, որն իրականացնելու է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացման ծրագիրը, այլ նաև պրոբացիայի ծառայության և քրեակատարողական հիմնարկների վրա, որտեղ այդ ծրագրերը կկազմակերպվեն ընտանեկան և կենցաղային բռնության հանցավոր դրսևորումների համար դատապարտված անձանց համար»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել