«Ուզում եմ ասել, որ պայքարը չի ավարտվել»․ Գառնիկ Դանիելյան

«Մենք այս պայքարը սկսել ենք Ոսկեպարից, Կիրանցից, Բաղանիսից՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ։ Այս ամեն ինչը չէր լինի, եթե չլինեին Սրբազան Հոր կամքը, ոգին, ներդրումը»,-այս մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Սրբազան պայքարի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երբ լսեցինք ազգակործանի խոսքերը, որ պետք է զորքերը նահանջեն, և այդ նույն մարդը տարիներ շարունակում ասում էր, թե ձեռքերս կկտրեմ, բայց Տավուշից մեկ միլիմետր չեմ տա, նույն անձը հայկական զորքերին նահանջի հրաման տվեց, կառուցեց մի պատ, որը համարեց արժանապատվության պատ, ասաց, թե ծառերը կպաշտպանեն մեզ։ Այդ նույն օրերին թշնամի պետության առաջնորդը մեր հայկական Շուշիում և Ստեփանակերտում իր հյուրերին ցույց էր տալիս հայկական տաճարներն ու հայկական քաղաքները։ Մեզ այլընտրանք չէր մնացել, քան ոտքի կանգնել ու պայքարել»,-նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ իրենց վրա նռնակներ են նետել, մահակներ են կիրառել, բայց մարդիկ աննահանջ կռվել են մինչև վերջ․ «Ուզում եմ ասել, որ պայքարը չի ավարտվել։ Պայքարը շարունակելու ենք ու հասցնելու ենք հաղթական ավարտին, քանի որ դուք ոչ մի բանից ու ոչնչից չեք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանությունները չեն կարող մեզ հետ պահել մեր իղձերից ու նպատակներից։ Ինչպես ասում է Սրբազան Հայրը, մեր իղձերն ու նպատակներն ավելին են, քան մեր ապրած տարիները։ Մեր ապրած ժամերը, օրերն ու տարիները Սրբազան Հոր առաջնորդությամբ նվիրելու ենք մեր հայրենիքին։

Արցախցի մեր քույրե՛ր ու եղբայրնե՛ր, ուզում ենք մեր խոնարհումը հայտնենք ձեզ՝ այս ամիսների ընթացքում ձեր ցուցաբերած բացառիկ կամքի, արժանապատվության ու նվիրումի համար։ Ուզում եմ նաև ասել, որ դուք այստեղ հյուր չեք, որ Հայաստանը մեր բոլորիս Հայրենիքն է, և այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու՛ ենք մեր Արցախ, վերադառնալու՛ ենք մեր տները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել