Լույս է տեսել հայկական իրավագիտության պատմության մեջ բացառիկ և նախադեպը չունեցող աշխատություն` «Ապացուցման առարկան և ապացուցման պարտականության բաշխումը քաղաքացիական դատավարության կարգով գործերով (քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային և հատուկ վարույթի գործեր)» վերտառությամբ գիրքը, Iravaban.net-ին հայտնում են գրքի հեղինակ հանդիսացող դատավորներից մեկի աշխատակազմից։
Գրքի համահեղինակներն են՝
- Գոռ Գագիկի Թորոսյանը (ի.գ.թ., Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր),
- Լենդրուշ Հրաչյայի Հովհաննիսյանը (Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր),
- Վահագն Գարիկի Քեռյանը (դատավորի օգնական),
- Սեդա Գաբուլյանը (դատավորի օգնական):
«Աշխատության առաջին բաժնում հեղինակները խոսել են ապացուցման գործընթացի ընդհանուր հարցերի, մասնավորապես՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման առարկայի, ապացուցման պարտականության բաշխման և ապացույցների գնահատման ընդհանուր կանոնների մասին, իսկ աշխատանքի երկրորդ բաժնում՝ ներկայացված են հայցային վարույթի կարգով քննվող քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային և հատուկ վարույթի կարգով քննվող կոնկրետ գործերով ապացուցման առարկան և ապացուցման պարտականությունը բաշխելու մասին կանոնները, ապացույցների տեսակները: Ընդ որում, աշխատանքում ներկայացված են ինչպես կոնկրետ գործերով ապացուցման առարկայի և ապացուցման գործընթացի բնույթը կանխորոշող օրենսդրական կարգավորումները, այնպես էլ ՀՀ նախադեպային պրակտիկան (Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների այն դատական ակտերը, որոնք վերաբերում են ինչպես ապացուցման ընդհանուր, այնպես էլ կոնկրետ գործերով ապացուցման առանձնահատկություններին):
Գիրքը նախատեսված է իրավագիտության ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, փաստաբանների, փաստաբան չհանդիսացող իրավաբանների, նոտարների, դատավորների, ֆինանսական համակարգի հաշտարարների, արբիտրների, դատախազների, հանրային ծառայողների, իրենց աշխատանքային գործունեությամբ նշված հարցերին առնչվող այլ անձանց, ինչպես նաև քաղաքացիական դատավարությունում ապացուցման հարցերով հետաքրքրվող անձանց համար:
Գիրքը գրելու աշխատանքները սկսել են 2022 թվականի մայիս ամսից և ավարտվել են 2024 թվականի օգոստոսին:
Գիրքը նպատակ ունի լույս սփռել իրավակիրառ պրակտիկայում ինչպես հաճախ, այնպես էլ հազվադեպ հանդիպող գործերով ապացուցման առարկայի, ապացուցման պարտականությունը բաշխելու որոշման կանոնների վրա՝ առավել կանխատեսելի դարձնելով դատավարությունում ապացուցման գործընթացը, ինչը, հեղինակների կարծիքով, հնարավորություն կտա ինչպես իրավակիրառողներին (դատավորներին, նոտարներին, ֆինանսական համակարգի հաշտարարներին, արբիտրներին և այլոց), այնպես էլ կոնկրետ գործերով դատավարության (արտադատական կարգով վեճերի լուծման վարույթի) մասնակիցներին առավելագույնս ապահովելու համապատասխան իրավական վարույթում կողմերի իրավահավասարության, մրցակցության և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը»,-նշվում է հաղորդագրության մեջ: