Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, այդ թվում նաև՝ ականատեսի հարցաքննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված զինծառայողին ներկայացվել է մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն  անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)։

Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։ 

Նախաքննությունը շարունակվում է»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել