Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ պայմանավորված է 2024 թվականին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց հողօգտագործողներին աջակցելու և վնասը որոշակի չափով մեղմելու անհրաժեշտությամբ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց աջակցությունը տրամադրվում է այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-իորոշման համաձայն հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված և հրապարակված ակտերի հիման վրա գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը կազմել է 50-100 %:
«Աջակցության սահմանաչափերը սահմանվում են հետևյալ չափով.
1) խաղողի, պտղի և հատապտղի համար` վնասի 5 %-ի չափով,
2) կարտոֆիլի, բանջարաբոստանային, կերային և տեխնիկական մշակաբույսերի համար` վնասի 5 %-ի չափով,
3) հացահատիկի և հատիկաընդեղենի 1 հա-ի համար` 30000 դրամ:
Կարգը հաստատվելուց հետո շահառուները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 4-րդ կետի համաձայն աջակցություն ստանալու մասին, ինչպես նաև նշելով ցանքատարածության կամ այգետարածքի վայրը, մակերեսը, վնասված մշակաբույսի տեսակը, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և շահառուի անունով բացված բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։
Դիմումին կից ներկայացվում է նաև վնասվածության աստիճանի վերաբերյալ համայնքային հանհանձնաժողովի կողմից ներկայացված տվյալները, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հողամասի անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։ Դիմումների ընդունումից հետո դրանք տրամադրվում են համայնքային հանձնաժողովին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ամփոփելու և իր կողմից կազմված ակտերին համադրելու համար։
Համայնքային հանձնաժողովների կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփովում են հողօգտագործողների կողմից ներկայացված դիմումները և համադրվում համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերի հետ։
Համայնքների կողմից ամփոփված տեղեկատվությունը (հողօգտագործողի անուն, ազգանունը, ցանքատարածության կամ այգետարածքի վայրը, մակերսը, վնասված մշակաբույսի տեսակը, վնասվածության չափը և կարգի 4-րդ կետի համաձայն աջակցության չափը) ներկայացվում է մարզային հանձնաժողով, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում էկարկուտի հետևանքով վնաս կրած հողօգտագործողների ցանկը, և համաձայնեցվելուց հետո, այն ներկայացնում հանրապետական հանձնաժողով։
Հանրապետական հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է կարկուտի հետևանքով վնաս կրած հողօգտագործողների ցանկը և տրամադրում Ներքին գործերի նախարարությանը։
ՆԳՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերը տրամադրում է Էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայացված տվյալներում տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում Նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները Նախարարություն ներկայացնելու համար»,-ասված է հիմնավորման մեջ։
Նշված է, որ նախագծի ընդունման արդյունքում արդյունքում կարկուտի հասցված վնասների դիմաց տրամադրված աջակցության միջոցով հնարավոր կլինի հողօգտագործողների կողմից որոշակի չափով մեղմել կրած ֆինանսական կորուստները և շարունակել գյուղատնտեսական գործունեությունը։