«Այն ամենն ինչ Հայաստանի դեմ կլինի, հետո կհետապնդվի Միջազգային քրեական դատարանի կողմից»․ ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Օկամպո

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցավ Ճշմարտության և արդարադատության կենտրոնի կողմից կազմակերպված մամլո ասուլիսը, որին մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական հարցերով փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն և Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության և Արդարադատության Կենտրոնի համահիմնադիր Կասիա Աբգարեանը։

Լուիս Մորենո Օկամպոն՝ որպես Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին գլխավոր դատախազ, հայտնի է իր աշխատանքներով միջազգային արդարադատության ոլորտում ողջ աշխարհում՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության վերաբերյալ հարուցված խոշոր գործերով։ Նրա ներդրումները կարևոր նշանակություն են ունեցել համաշխարհային արդարադատության և հաշվետվողականության զարգացման գործում։

Դատավոր Կասիա Աբգարեանը Ճշմարտության և արդարադատության կենտրոնի համահիմնադիրն է, և Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի դատավորը։ Իրավական վերահսկողության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած իր մեծ փորձառությամբ, եզակի մոտեցում է ցուցաբերում միջազգային իրավունքի և արդարադատության ոլորտում։

Հայաստանն փետրվարին պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Երևանը խոսում է նաև արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։

Iravaban.net-ի հարցին, թե ինչ դեր կունենա ՀՀ-ի համար Միջազգային քրեական դատարանին միանալը, դրա արդյունքում Ադրբեջանի դեմ արցախահայերի տեղահանության համար Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելը, Լուիս Մորենո Օկամպոն պատասխանեց․

«Առավելագույնը, որ Հայաստանը կարող է անել, դա Միջազգային քրեական դատարանի համակարգին միանալն է՝ այդպիսով բացելով բոլոր հնարավորությունները։ Կասիա Աբգարյանն արդեն որոշումը կայացրել է և, օգտվելով այս հնարավորությունից, գործել է, դատախազի առջև դրել է բողոք, պահանջ։ Դատախազը բացարձակ հնարավորություն ունի որոշելու՝ վարույթ սկսի՞, թե՞ ոչ, բայց տեղեկության տրամադրումն արդեն շատ կարևոր քայլ է։ Միջազգային քրեական դատարանը սովորաբար միջամտում է հնացագործության կատարումից հետո, կանխարգելման հատվածը ենթադրում է գործընթաց, դրականն այստեղ այն է, որ պարոն Ալիևը գիտի՝ եթե հարձակվի Հայաստանի վրա, կդատապարտվի, մեղադրանք կներկայացվի, և դա պաշտպանական միջոց է Հայաստանի համար»։

Կասիա Աբգարյանն ասաց՝ պատկերացրեք մի պահ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, Ադրբեջանը, Ալիևը շատ ավելի ուժեղ իրենց կզգային, կհամարեին․ «Հիմա Միջազգային քրեական դատարանին միանալը կանգնեցենո՞ւմ է Ալիևին հանցագործություններ կատարելուց, միգուցե ոչ, բայց կմտածի, որովհետև Հայաստանը հիմա շատ ավելի խոշոր համակարգի մի մաս է, որը կարող է շարժվել նրա դեմ, քայլեր ձեռնարկել պատժելու համար նրանց, ովքեր դաժանություններ են գործում։ ՄՔԴ-ն իրավական մեծ գործիք է, բայց այն գործիքը չէ, որը կանխելու է չարագործությունը, այսինքն՝ ՄՔԴ-ն զենք չէ, իրավական գործիք է։ Ճշմարտությունն այն է, որ գործիք ունենալը բավարար չէ, այն պետք է օգտագործել»։

Օկամպոն հավելեց՝ այն ամենն ինչ Հայաստանի դեմ կլինի, հետո կհետապնդվի Միջազգային քրեական դատարանի կողմից, հետևաբար նման գործողություններ պլանավորողն արդեն 2-րդ անգամ կմտածի տվյալ գործողությունն անելուց առաջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել